Ալեն Սիմոնյանի «ցուցումն» իր պտուղները տվեց․ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվեց

Ալեն Սիմոնյանի «ցուցումն» իր պտուղները տվեց․ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվեց

Այսօր կեսօրին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի միջև։ Սամվելը, հիշեցնենք, աչքի էր ընկել Նիկոլ Փաշինյանի հետևից «դավաճան» վանկարկումներով և հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։

Միջադեպի ընթացքում պատգամավորն ու ակտիվիստը քաշքշել ու հրել էին իրար։ Այդ ամբողջ ընթացքը Սամվել Վարդանյանը ցուցադրել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ 

Ընդդիմադիր հատվածը տեսանյութը դիտելուց հետո գովասանքի ու քաջալերանքի խոսքեր հղեց Վարդանյանի հասցեին: Ու թեև Ասլանյանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, թե չի դիմելու ոստիկանություն,  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակառակն էր հայտնել Տելելեգրամի իր ալիքում․ «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:
Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»
։

MediaHub-ը տեղեկացավ, որ Սամվել Վարդանյանին քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել բաժին, իսկ ՆԳՆ-ից էլ ասացին՝ նրան արդեն ձերբակալել են խուլիգանության կասկածանքով։ 

Փաստորեն, ԱԺ նախագահի կողմից այս անուղղակի ցուցումը, որ «այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին», ոստիկանությունը շատ արագ ընկալեց և գործի անցավ։ 

Վահե Մակարյան