Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ

Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ

Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց՝ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ։ Քաղաքացին, փորձելով ցույց տալ, որ անհանդուրժող է այս իշխանության հանդեպ, պատգամավորին դիմում է «ՔՊ-ական վիժվածք» ձևակերպմամբ, որին ի պատասխան Ասլանյանը հարվածում է նրան։

Տեսանյութից շատ բան չի հասկացվում. ընթացքի մեծ մասը նկարված է գետնից, քանի որ պատգամավորի հարվածելուց հետո հեռախոսն ընկել է տղայի ձեռքից։ Ուստի MediaHub-ը զրուցեց Սամվել Վարդանյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվել իրականում։ 

«Ես բարձրացա ավտոբուս ու նկատեցի՝ ինքն է նստած։ Սկզբում չհավատացի, որ ինքն է, բայց հետո համոզվեցի ու հեռախոսիս լայվը միացրի, որ իրեն ուղիղ եթերում ասեմ այն, ինչ մտածում եմ։ Լայվը միացնելու պահին ինքն արդեն մոտենում էր, որ իջներ։ Ես էլ լայվում ասացի՝ ինչ եմ մտածում իր մասին, ու ասեմ՝ դա արել եմ միայն վերբալ։ Ես հանրային պարսավանքի ինստիտուտից եմ օգտվում միայն ու փորձում եմ դա ճիշտ անել։ Իսկ ինքն ինձ հարվածեց, ձեռքիցս հեռախոսս, դրամապանակս ընկան։ Բայց ես շարունակեցի իմ խոսքը, քանի որ, վստահաբար, չէի խփի 70 տարեկանին։ Եթե խփեի, հաստատ կվնասվեր»,- նշեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշել է, թե ինքն «իր տերերի պատվերն է կատարում», հակառակ դեպքում առանց լայվի կաներ այդ ամենը, Վարդանյանն արձագանքեց՝ գուցե Ասլանյանն է սովոր տերեր ունենալուն, դրա համար է այդպես մտածում։

«Ես չունեմ տերեր, ես քաղաքացի եմ, որն ունի իր դիրքորոշումը։ Ես շարժվում եմ իմ խղճին ու պատկերացումներին համապատասխան։ Ես ու Հակոբ Ասլանյանը, վստահաբար, հայրենիքի մասին տարբեր պատկերացումներ ունենք, ու Հակոբ Ասլանյանը կարող է չնկատել՝ ինչ է կատարվում իրականում։ Նա չի պատկերացնում, որ քաղաքացին կարող է դեմ լինել Ասլանյանի ու իր թիմի հակահայ քաղաքականությանը»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ տեսանյութը հիմա իր էջում հասանելի չէ, ինչը ևս քննարկման թեմա է դարձել, Սամվել Վարդանյանն արձագանքեց՝ տեսանյութն իր մոտից չի ջնջել, պարզապես այն հիմա հասանելի է միայն ընկերներին։

Նարե Գնունի