Բաբկեն Թունյանը սահմանել է ՀՀ-ի ապագայի տեսլականը՝ ՔՊ-ի հեռանալուց հետո

Բաբկեն Թունյանը սահմանել է ՀՀ-ի ապագայի տեսլականը՝ ՔՊ-ի հեռանալուց հետո

Հայաստանը լինելու է աշխարհի ամենաբարեկեցիկ ու դինամիկ զարգացող երկրներից մեկը, որի հետ բոլորը հաշվի են նստելու, որին օրինակ են բերելու, որին նախանձելու են, որտեղ ապրելն ու արարելը երազանք է լինելու, որից հարկ եղած դեպքում վախենալու են: Չգիտեմ` կոնկրետ երբ կլինի, բայց գիտեմ, որ ուշ չի լինի: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Բաբկեն Թունյանը:

Բաբկեն Թունյանը սահմանել է այն Հայաստանի տեսլականը, որը կառուցելու է ընդդիմությունը՝ յուրաքանչյուր միտք վերոնշյալ հայտարարության մեջ իրականություն է դառնալու, երբ Թունյանն ու թիմը հեռանան իշխանությունից, իսկ հնարավորության դեպքում՝ մեծ լավություն անելով ողջ հայ ազգին՝ նաև Հայաստանից:

Տնտեսագետ Թունյանին պետք է ցուցադրել Հայաստանի դատարկ բյուջեն, դատարկվող մարզերն ու գյուղերը, 11 միլիարդ արտաքին պարտքը, որի մի զգալի մասը գոյացել է ՔՊ-ականների օրոք: Հայաստանից վախենում էին մինչև 2018թ.-ը՝ ՔՊ-ականների իշխանության գալուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը Հարավային Կովկասում միայն ամրապնդվել են՝ Շուշիում ծածանվում են թուրքական և ադրբեջանական դրոշներ:

Թունյանը նշում է, որ չգիտի, թե կոնկրետ իր երազած Հայաստանը երբ է կառուցվելու, բայց ուշ չի լինելու՝ իրոք, Թունյանի միտքն ինքնախոստովանական է՝ ՔՊ-ն էլ չգիտի, թե երբ են հեռանալու, քանի որ նրանց հեռացման համար անհրաժեշտ է համազգային պայքար: Սակայն ՔՊ-ականների հեռացումը ուշ չի լինելու՝ դա Թունյանին և թիմին խոստանում է ՀՀ քաղաքացին, ով ամեն օր պայքարում է գործող իշխանությունների հեռացման համար:

Հայաստանն ու Արցախը հզորանալու մեկ տարբերակ ունեն՝ ՔՊ-ականների հեռացում, հակառակ պարագայում, ՀՀ գործող իշխանությունները «խաղաղության դարաշրջան» բանաձևի ներքո գնալու են նորանոր զիջումների Բաքվին և Անկարային։

Վահրամ Բագրատյան