Համազգային պայքարի մարումը՝ Մարիա Կարապետյանի անկատար երազ

Արդեն ո՞րերորդ բեկումնային ջրբաժանի օրն են հայտարարում ընդդիմադիրները, վերջում մնալու է մեկ վրան: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Մարիա Կարապետյանը:
ՔՊ-ականների երազն է` ընդդիմության համազգային շարժումը տեսնել կազմաքանդված, ուժերը՝ ջլատված և փողոցային պայքարից միայն մեկ վրանի առկայություն, սակայն դա Մարիա Կարապետյանի ֆանտազիան է, երազը, իսկ երազը նա կարող է պատմել հոսող ջրին կամ ՔՊ-ականների փակ «չատերին»:
Մարիա Կարապետյանին պետք է ցուցադրել հայկական դատարկված գյուղերն ու մարզերը՝ 2018թ.-ից ի վեր ՀՀ-ից արտագաղթը նոր ռեկորդներ է սահմանել՝ մարդիկ արտագաղթում են փաշինյանական Հայաստանից: Կարելի է ցուցադրել հայաթափված Շուշին և Հադրութը, իր տարածքը եռապատկած Եռաբլուրը:
Բեկումնային ջրբաժանը շատ մոտ է՝ դա գիտակցում է ՔՊ-ականների վերնախավը՝ անգամ մասնագիտությամբ լեզվաբան-երկրագետ Մարիա Կարապետյանը, ով քաղաքական մտքեր է փորձում նետել մեդիադաշտ:
Փաշինյանն ու թիմը տեսնում են իրենց քաղաքական ճակատագիրը՝ հեռացումը մոտ է: ՔՊ-ականները երբեք չեն տեսնելու ընդդիմության մեկ վրանը, նրանք ամեն օր տեսնելու են բազմաթիվ վրաններ՝ փակ փողոցներ, հրապարակներ, մարզային փակ ճանապարհներ, որոնցով ՔՊ-ականներն իրենց ծառայողական մեքենաներով չեն կարողանալու երթևեկել:
ՔՊ-ականները չեն տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին՝ պայքարը ոչ թե ժամեր է տևելու և մարելու է՝ կամ ՀՀ հպարտ քաղաքացին է հիասթափվելու և գնա տուն, այլ պայքարը հանուն պետականության ու Արցախի փրկության է՝ այդ պայքարը հյուծվելու տարբերակ չունի:
Վահրամ Բագրատյան