ԱՆԻՖ-ում չարաշահումնե՞ր են հայտնաբերվել

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱՆԻՖ-ում կատարված փոփոխություններին։

Մասնավորապես, նա ներկայացրեց, թե  ինչով էր պայմանավորված ԱՆԻՖ-ի տնօրենների փոփոխությունը, արդյոք ղեկավար կազմը, որը բարձր աշխատավարձ էր ստանում, ցանկալի արդյունքներ չի գրանցել։ 

«Կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ուսումնասիրություն էր կատարել, հասկանալու՝ ինչպիսի քաղաքականություն է վարում կառավարությունը մասնավոր հատվածում, մասնավոր հատվածն ինչպիսի ներգրավվածություն պետք է ունենա։ Անդրադարձ էր կատարվել ԱՆԻՖ-ին, որովհետև հասկացել էինք, որ ԱՆԻՖ-ի առաջ դրված խնդիրները շատ լայն են, այդքան էլ հստակ չեն և պետք է փոխվի ու ավելի հստակեցվի ԱՆԻՖ-ի մանդատը»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ այս առումով տարբեր մեկնաբանություններ կան, օրինակ՝ մարդիկ կային, որոնք բարձր աշխատավարձ են ստացել, զգալի արդյունքներ են գրանցել, բայց և այնպես, կա նաև հակառակ կարծիքը։

«Այստեղ վիճելու տեղ կա, քանի որ սահմանված չէ, թե այդ մարդիկ ինչ հստակ արդյունքներ պետք է արձանագրեին։ Հետևաբար, կառավարությունը որոշեց, որ այդ արդյունքներն ու նպատակները, որոնք դրվում են ԱՆԻՖ-ի առաջ, պետք է շատ չափելի լինեն, հստակեցվեն և ռազմավարական առումով լինեն համահունչ կառավարության նպատակներին, տնտեսական քաղաքականությանը։ Դրանից հետո սա ենթադրում էր կառավարման մոդելի փոփոխություն, որն այժմ ընթացքի մեջ է»,- նշեց Վահե Հովյաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։