«Անսովոր» կիրակի 

«Անսովոր» կիրակի 

Երեկվա ոչ աշխատանքային օրը՝ կիրակին անսովոր ակտիվ էր:

Առավոտից հայտնի դարձավ, որ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկվել «Մարտական եղբայրության» 49 անդամներ: Իհարկե, օրվա  վերջին պարզ դարձավ, որ նրանցից որևէ մեկը չի ձերբակալվել ու բոլորն ազատության մեջ են, բայց արդյունքում՝ տապալվեց «Եղբայրության» այցը Վերին Ոսկեպար:

Ավելի ուշ, ԱԺԲ-ն հայտարարեց, որ իր վեց անդամների ձերբակալել են Տավուշում:
Կարծես, ինչ-որ սցենարով հասունանում էր մի իրադարձություն, որն արդեն տեղի ունեցավ երեկոյան:

ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Նոր Նորքի բաժնի դիմաց մի քանի ժամ սպառնալիքներ հնչեցրած նռնակով զինված քաղաքացին Կոտայքի մարզի Զառ համայնքի բնակիչ Ստեփան Հովակիմյանն էր: Վերջինս Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից և գաղափարակից է: 

Նա էլ վնասազերծվեց և ձերբակալվեց ԱԱԾ ծառայողների կողմից:

Հայաստանի շուրջ արտաքին մարտահրավերներն ահագնանում են ու գործող իշխանություններն անզոր են չեզոքացնել դրանք, մյուս կողմից՝ երկրի ներսում նկատվում են ամենաթողության և քաոսի ակնհայտ նշաններ:

Հնարավորությունների պատուհանը շատ փոքր է:

Եթե մի քանի ամսվա ընթացքում չհաջողվի քաղաքական լուծումներ գտնել, դրսից մեր պետականությունը լափելու է թշնամին, ներսից՝ քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը:

Ու նաև՝ տարբեր «ծռախառն» «եղբայրությունների» «հայրենասիրության» միակ մոտիվը Փաշինյանի առաջիկա ռեպրեսիաները լեգիտիմացնելն է:

Թիրախում, բնականաբար, լինելու են իրական ընդդիմադիրները:

Վահրամ Բագրատյան