Արմեն Փամբուխչյանը՝ Փաշինյանի կադրային քաղաքականության վառ օրինակ

Արմեն Փամբուխչյանը՝ Փաշինյանի կադրային քաղաքականության վառ օրինակ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։ Այդ մասին ՖԲ իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

ՔՊ-ի կադրային խայտառակ, որևէ տրամաբանություն չունեցող քաղաքականության ևս մեկ վառ օրինակ մասնագիտությամբ իրավաբան, ԱԻՆ համակարգի հետ որևէ կապ չունեցող Արմեն Փամբուխչյանի նշանակումն էր ԱԻ նախարար: ԱԻՆ-ը կարևորագույն կառույցներից է, որը պետք է խաղաղ ժամանակաշրջանում և պատերազմական իրավիճակում կարևոր գործառույթներ կատարի, սակայն ՔՊ-ական կադրերով այդ կարևոր ինստիտուտը «հյուծվում» է:

Սուրմալուի դեպքը «լակմուսի թուղթ» էր, թե ինչպես է գործում ԱԻՆ-ը ՔՊ-ական նախարարի օրոք: Պայթյունից հետո Սուրմալույում բարդակ էր տիրում՝ ՀՀ շարքային քաղաքացիներն առաջինն էին օգնություն ցույց տալիս տուժածներին: Դեպքից հետո էլ ՀՀ քաղաքացիները, կամավորականները մեծ աշխատանք իրականացրեցին՝ այդ աղետը հաղթահարելու ուղղությամբ: ԱԻ նախարարն աչքի ընկավ PR գործողություններով՝ դեպքի վայրում մի պահ «վատանալով», այնուհետև առանց որևէ հիմնավորման հայտարարելով, որ Սուրմալույում ահաբեկչությունը բացառված է: ԱԻ նախարարն այդ ոլորտի մասնագետ չէ՝ ԱԱԾ-ն կամ այլ ուժային կառույց չի ներկայացնում և առանց որևէ հետաքննության հայտարարել, որ դա ահաբեկչություն չէ, մեղմ ասած, տեղին չէր:

ԱԻՆ-ում տիրող իրավիճակը Փաշինյանի կադրային քաղաքականության «գոհարներից» է, երբ պատասխանատու պաշտոնների են նշանակվում ՔՊ-ականներ՝ շեշտը դրվում է միայն կուսակցական պատկանելիության վրա՝ առանց հաշվի առնելու մասնագիտական կարողություններն ու այդ ոլորտում առկա փորձը:

Վահրամ Բագրատյան