Հաղթեց հայ ժողովուրդը, պարտվեց իշխանությունը

«Սփյուռքում էլ սրիկաներ կան, որոնք հեռվից հեռու աջակցում են հայրենիքը պառակտող իշխանությանը։ Մի քանի օր առաջ մի հանդիպում կար տարբեր քաղաքական խմբերի մասնակցությամբ։ Զրույցի բռնվեցինք, ասացի՝ «Արցախի հանձնվեց Հայաստանի ու Արցախի նախկին ու ներկա իշխանությունների ձեռքով», բոլորը հարցական հայացքով ինձ նայեցին, թե ինչպե՞ս․ այսինքն՝ գործող իշխանության կողմնակիցները մեղադրում են նախկիններին, վերջիններիս հարող անհատները՝ Նիկոլի վարչախմբին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կանադահայ հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլյանը։
33 տարի առաջ այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից։ Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակը, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ ճիշտ չվայելեցինք։
«Այդ պատերազմում մենք պարտվել ենք, չկա հակառակ կարծիք։ Տեր չեղանք այն տղերքի արյանը, որոնք ազատագրեցին Արցախը։ Հայաստանի ու Արցախի բոլոր ժամանակների ղեկավարներն իրար հետ փոխգործակցելով ձախողեցին հաղթանակը։ Արդյունքում՝ հաղթեց հայ ժողովուրդը, պարտվեց իշխանությունը։ Արցախի հարցում մենք տկար գտնվեցինք։ Հիմա էլ սիրտս ցավում է, որ հազարամյա հայկական տարածքներն այլևս մերը չեն, որ ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկում հայկական սրբավայրերը»,- ասաց նա։
Այնթափլյանը, որ սփյուռքում բազմիցս բարձրացրել է Արցախի հարցը, տարբեր ատյաններում խոսել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ սկսած Ադրբեջանի պատերազմի և հետագա նպատակների մասին, Արցախի կորստից հետո այսօր արդեն մտահոգված է Հայաստանին սպառնացող վտանգների համար։
«Հայ ժողովուրդն ավելի շատ տուժել է ներքին թշնամիների պատճառով, քան արտաքին, իրական թշնամիներից։ Որակով մարդ ու առաջնորդ է պետք Հայաստանին։ Վերջ պետք է դնել «ներկա-նախկին», «արցախցի-հայաստանցի», «սևեր-սպիտակներ» խաղակռիվներին։ Օրվա իշխանությունը պատուհաս է մեր գլխին։ Որակով, հայասեր, հայաստանասեր առաջնորդն է երկրի փրկությունը։ Հետևապես, մենք դատապարտված ենք կործանման»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան