Ադրբեջանասեր բլոգեր արսեն մարգարյանի մասնակցությունը միջոցառմանը չեղարկվել է

արսեն մարգարյան անունով մի բլոգեր ռուս բիզնեսմեն, տնտեսագետ և վերլուծաբան Դմիտրի Պոտապենկոյի հետ համատեղ պատրաստվում էր սեպտեմբերի 7-ին բիզնես-հանդիպում ունենալ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում։ Տոմսերի արժեքն էլ դրել են նվազագույնը 25 հազար դրամ։
արսեն մարգարյանի՝ Երևանում հանդիպում ու ելույթ ունենալու դեմ, սակայն, համացանցում այս օրերին մեծ արշավ է սկսվել, քանի որ այդ երիտասարդը վերջերս Զառա Ղազարյան անունով մի բլոգերի հետ տեսակապով զրույցի ժամանակ խոսում է այն մասին, որ շուտով Հայաստանը մտնելու է Ադրբեջանի կազմ, և կարծես, դրա պրոպագանդան է անում՝ տենչալով, թե երբ է Հայաստանը վերջապես հայտնվելու Ադրբեջանի կազմում։ Ուստի համացանցում տարբեր օգտատերեր աղմուկ են բարձրացրել՝ պահանջելով չեղարկել այս հանդիպումը Երևանում, ու հենց «Մարիոթ» հյուրանոցին են այդ պահանջն ուղղել, որ հրաժարվի դահլիճ տրամադրել պրոադրբեջանական քարոզչին։ «Մարիոթի» մարքեթինգի բաժնի ղեկավար Սուսաննա Մուսայելյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման համար երրորդ անձ է դիմել ամրագրման համար, այլ ոչ՝ արսեն մարգարյանը, բայց չի կարող ասել՝ ով է ամրագրել, քանզի դա կոմերցիոն գաղտնիք է։ Իսկ իրենք էլ՝ որպես հյուրընկալության ոլորտ ներկայացնող կազմակերպություն, հարթակ տրամադրում են բոլորին և՛ գիշերակացի, և՛ միջոցառումների կազմակերպման մասով։
«Ես ինֆորմացիա չեմ կարող տրամադրել՝ միջոցառումը չեղարկվել է, թե չի չեղարկվել, որովհետև դա էլ կոմերցիոն գաղտնիքի մի մասն է»,- ասաց Սուսաննա Մուսայելյանը։
Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ «Մարիոթի» ղեկավարությունը ընդառաջ գնա հանրային քննադատությանն ու պարսավանքին, և, ամեն դեպքում, հրաժարվի հարթակ տրամադրել այդ անձին իր տարածքում, հյուրանոցի մարքեթինգային բաժնի ղեկավարն ասաց, որ ինքը չի կարող դա մեկնաբանել՝ կրկնելով, որ իրենք հյուրընկալության ոլորտ ներկայացնող կազմակերպություն են։
Փոխարենն ասաց․ «Հյուրերը, որոնց իրենք հյուրընկալում են, բազմաբնույթ են, և այն հանրային ալիքը, ես, իհարկե, չեմ մեկնաբանի, թե որ կողմից է ուղղվել, և եթե այդ մարդը, օրինակ, persona non grata է, և ես մի հարթակում տեսա, որ միջոցառման կազմակերպիչը նշել է, որ արսեն մարգարյանի մասնակցությունը չեղարկվել է այդ միջոցառմանը։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությունը մեր կազմակերպության վրա դնելուն, ես դա ճիշտ չեմ համարում և չեմ մեկնաբանում, որովհետև եթե էդ մարդը, օրինակ, քրեական տարր է հանդիսանում և հետապնդման է ենթարկվում, ապա ինչպե՞ս է ինքը գալիս Հայաստան, ինչպե՞ս է, որ ոստիկանությունը չի զբաղվում նրանով»։
Մենք զանգահարեցինք նաև ticketOn կազմակերպություն, որը զբաղվում է այս միջոցառման տոմսերի վաճառքով, որտեղից մեզ ասացին, որ արսեն մարգարյանի մասնակցությունը, իսկապես, չեղարկվել է, և սեպտեմբերի 7-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում հանդես կգա միայն Դմիտրի Պոտապենկոն։
Վահե Մակարյան