Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Just busine՞ss». ա՞յս բանաձևով է առաջնորդվում ադրբեջանասեր բլոգերին հարթակ տրամադրող Մարիոթ հյուրանոցը

Blog Image

«Շուտով Հայաստանը կդառնա Ադրբեջանի մաս»: Սա, որքան էլ զարմանալի է, ամենևին էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չէ, թեև այսպես եթե շարունակվի մի օր կարող նրա շուրթերից էլ հնչի:

Սա ոմն անհասկանալի, իրեն բլոգեր անվանող, «յան» ազգանունը կրող մի արարածի հայտարարություն է՝ ուղղված ադրբեջանցի ոմն մեկին: Այս խոսքերով նա վերջինիս հանգստացնում է, թե՝ «մի մտածիր, շուտով կլինենք համաքաղաքացիներ, և վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի»:

Նման արարածներ, որ «յան»-ով ազգանուն ունեն և ադրբեջանահաճո հայտարարություններ են անում, մենք շատ ենք տեսել ու շարունակում տեսնել: Ցավոք, դրանք շատ են նաև պետական մարմիններում: Եվ այս անձը մեր ուշադրությունը չէր էլ գրավի, եթե չպարզվեր, որ նա ոչ միայն իր տան անճաշակ բազկաթոռին նստած նման ելույթներ է ունենում ու եթեր հեռարձակում, այլև պատրաստվում է Երևանում հանդես գալ բիզնես դասընթացով: Կամ, ինչպես հիմա նորաձև է ասել, նա հանդես է գալու որպես բիզնես «քոուչ» Մարիոթ հյուրանոցում արդեն մյուս շաբաթ կազմակերպվելիք  բիզնես-weedend-ին:

Գովազդից տեղեկանում ենք, որ ինչ-որ  բլոգեր արսեն մարգարյան` հենց այդ նույն ադրբեջանասերը, և Դմիտրի Պոտապենկոն սեպտեմբերի 6-7-ին բոլորին հրավիրում են բիզնես-weekend-ի: Ավելին՝ «յան» վերջավորությունով ազգանունը կրող այս անձի ելույթը լսելու համար մարդիկ պետք է վճարեն 25 000 դրամ:

Ի դեպ, սույն բլոգերը այլ ուշագրավ հայտարարություններով էլ է հանդես գալիս: Օրինակ, նա հայտարարում է, որ Հայաստանը «Բելգորոդի գուբեռնիայի մի հատված է, այսինքն՝ կամ Ռուսաստան է, կամ Ուկրաինա»:

Այն, որ Մարիոթ հյուրանոցը կարող է որևէ մեկին տարածք տրամադրել մեզ չի զարմացնում. ցավոք, 2018 թվականից հետո Հայաստանում փողի դիմաց աչք են փակում շատ ու շատ բաների վրա՝ ոտնահարելով սեփական ինքնությունը, արժեքներն ու հայրենասիրությունը ստորադասելով բիզնես շահին: Ամերիկյան ֆիլմերից սովորել ենք, որ հիմա ակտուալ է  «նոթ փեռսընալ, ջասթ բիզնես» բանաձևը: Բայց այդուհանդերձ, չենք կարող չհարցնել՝ լավ, դուք չե՞ք հետաքրքրվում, թե ո՞վ է ձեր հարկի ու անվան տակ ելույթ ունեցողը, լրիվ միևնո՞ւյն է:

Ի դեպ, սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է սկսվել, քաղաքացիները դիմում են Մարիոթ հյուրանոցին, որպեսզի չեղարկվի այդ հանդիպումը: Գնդակը, ինչպես ասում են, հյուրանոցի դաշտում է, որպեսզի «յան» վերջավորությամբ ազգանունը կրող, բայց ադրբեջանասեր ոմն մեկը այդ օրը որևէ միջոցառում չանցկացնի ու իր հակահայ մտքերը չտիրաժավորի:

Send