Երևանը կամաց-կամաց հրաժարվում է ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից. Սիլաև

Դեռ սեպտեմբերի 25-ին ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակն օգտագործել ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այս ընթացքում ՀՀ-ն նաև վավերացրել է Հռոմի ստատուտը, ինչը Ռուսաստանի կողմից շատ կոշտ արձագանքի է արժանացել։ Հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումների մասին MediaHub-ը զրուցեց ՌԴ ԱԳՆ ՄՀՊԻ (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) առաջատար գիտաշխատող, Միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւի հետ:
«Հռոմի ստատուտի վավերացման մասին ավելորդ անգամ չեմ ցանկանում խոսել, քանի որ ՌԴ-ն դա համարում է ծայրահեղ ոչ բարեկամական քայլ»,- նախ շեշտեց քաղաքագետը։
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ կարող էր հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Անդրադարձ կատարելով Բիշքեք կատարվելիք այցի չեղարկմանը, Սիլաևը նշեց, որ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները պարզապես առկա խնդիրները թողնում են սեղանին՝ ակնկալելով, որ դրանք իրենք իրենց կլուծվեն։
«Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակցից կարող է դառնալ չեզոք երկիր, և սա կախված է միայն ՀՀ իշխանությունից, քանի որ վերջին շրջանում նրանց գործողությունների շղթան առիթ է տալիս եզրակացնելու, որ պաշտոնական Երևանը կամաց-կամաց հրաժարվում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից»,- շեշտեց Սիլաևը։
Հավելելով խոսքը, մեր զրուցակիցը նշեց, որ Մոսկվայում լավ հասկանում են Հայաստանում հակառուսական քարոզչության աղբյուրները, բայց ՀՀ իշխանությունների կողմից հնչող վերջին բազմաթիվ որակավորումների հետ անհնար է համաձայնվել։
Մարիա Զարգարյան