Փաշինյանը՝ Բրեժնևի հետքերով

Բրեժնևն իր կառավարման վերջին շրջանում ժամերով խոսում էր, բայց էական ոչինչ չէր ասում ու նրան ինչ-որ փուլից սկսած՝ որևէ մեկն այլևս չէր լսում:
Սա հիշեցինք, երբ երեկ Հանրայինով հեռարձակվում էր Նիկոլ Փաշինյանի ծավալուն հարցազրույցը:
Դրա ավարտից հետո անգամ մեր հասարակության մեծամասնությունը գաղափար չկազմեց, թե որն է Փաշինյանի դիրքորոշումը անկլավների կամ, այսպես կոչված՝ միջանցքի վերաբերյալ:
Իհարկե, ակնարկներ հնչեցին, օրինակ՝ Փաշինյանը սկսեց կարևորել Արծվաշենը:
«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով: 29.800 կմ² մեջ մտնում է նաև Արծվաշենը: Հայաստանի ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,- ասել է նա:
Այս արտահայտությունից կարելի է ենթադրել, որ Արծվաշեն «փրկելու» գինը դառնալու է Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի վերադարձը: Իհարկե, այստեղ միանգամից մի քանի արձանագրում անենք:
Ամենևին փաստ չէ, որ մեծ «ախորժակ» ունեցող Ալիևը մտադիր է հրաժարվել Արծվաշենից՝ ինչ-որ բան ստանալու դիմաց: Եվ երկրորդ՝ բացարձակապես նույնը չեն Արծվաշենի ու այն, այսպես կոչված, անկլավների ստրատեգիական նշանակությունը, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում: Թեկուզև այն պատճառով, որ Տիգրանաշենի ու Տավուշի գյուղերի կորուստը վտանգելու է Հայաստան- Իրան, Հայաստան- Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը:
Ավելի ցնցող էր Փաշինյանի գնահատականը Գրանադայում ընդունված հայտարարությանը.
«Գրանադայում դատապարտվեց ԼՂ նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ-ի պատրաստակամությունը ՀՀ-ին աջակցելու առումով։ Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան ՀՀ-ն կցանկանա»։
Ու սա այն դեպքում, որ այդ տեքստում որևէ տող չկա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին, ինչը հանգեցրեց էթնիկ զտումների, էլ չասած այն մասին, որ ԵՄ-ն չի էլ պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Վահրամ Բագրատյան