«Դեբիլ» պետք է լինես, որ մտածես՝ երիտասարդները վառեցին թշնшմիների դրոշները, ադրբեջանցիք էլ կրակեցին Սյունիքի վրա

«Դեբիլ» պետք է լինես, որ մտածես՝ երիտասարդները վառեցին թշնшմիների դրոշները, ադրբեջանցիք էլ կրակեցին Սյունիքի վրա

«Առնվազն, կներեք արտահայտությանս, բայց «դեբիլ» պետք է լինես, որ մտածես, թե երիտասարդները վառեցին մեր թշնամիների դրոշները, և դրա համար ադրբեջանցիք կրակեցին Սյունիքի վրա։ Էդ մարդիկ էս երկրից չե՞ն։ Ամեն օր ասում ենք՝ մեզ ահաբեկում են, մեր տների վրա կրակում են, գյուղում հանգիստ չի, բա ինչի՞ մեկը մի դատապարտող բան չի ասում։ Հասկանո՞ւմ եք սրանց անբարոյականության չափը»,- մեկ ջղայնանում, մեկ վրդովվում է MediaHub-ի խնածախցի զրուցակիցը, նշում, որ ադրբեջանցիներն անցած գիշեր ևս կրակել են այլևս անդորրը կորցրած Խնածախի ուղղությամբ։ 

«Մարտի 20-ից էս կողմ չենք ապրում։ Բոլորը սպասում են ուսումնական տարին ավարտվի, դուրս գան։ Խնածախը այլևս ապրելու, առավել ևս ապագա ունեցող գյուղ չէ։ Ես սա ցավով եմ ասում։ Հա, մենք կմնանք, մեծ ենք, բայց երիտասարդ ընտանիքները դուրս կգան, որովհետև մնալու համար անվտանգության երաշխիքներ չկան»,- ասաց նա։ 

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ անցած մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմն ավելացրել է թե՛ կրակի ինտենսիվությունը, թե՛ կիրառվող զինատեսակները։

«Նախկինում մենակ «ԱԿՄ»-ով կամ «ԱԿՍ»-ով էին կրակում, հիմա արդեն «ՊԿ» և «ԴՇԿ» զինատեսակներ են կիրառում։ Մի օր կլսեք, որ հրետանի են կիրառել, որովհետև Փաշինյանը փոխարենը դատապարտի, անընդհատ պաշտպանում է դրանց։ Գյողապետին էլ զանգեք, հարցրեք՝ ինչպե՞ս ա անցել գիշերը, տեսեք՝ ոնց ա պաշտպանում Նիկոլին ու ադրբեջանցիներին»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը, ում տունը ադրբեջանական դիրքերից օդային ուղիղ գծով մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում, հավաստում է՝ «ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ, փամփուշտի գնդակները ֆշշալով անցնում են մեր գլխի վրայով»։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի հետ։ Նրա տան ուղղությամբ մարտի 31-ին են կրակել ադրբեջանական դիրքերից։ Վնասվել էր պատուհանը, գնդակը հայտնվել է բնակարանում։ Այսօր ասում է՝ «անհանգստանալու ոչինչ չկա», այն դեպքում, երբ հարևան Խոզնավարում կրակել են բնակելի տան ուղղությամբ։ 

«Կրակել են, բայց գյուղի ուղղությամբ չի եղել, հեռվից են կրակել։ Եթե մեզ վրա կրակած լինեին՝ վնասներ կլիներ»,- ասաց Սեյրան Միրզոյանը։ 

Կյանքը կանգ է առել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։ Դպրոցի ուսուցիչներից մեկը մեզ փոխանցեց, որ ապրում են անորոշության մեջ, դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ցերեկը չեն կրակում, բայց գիշերները մարդիկ չեն քնում։

«Վախենում ենք քնենք, ամեն մեկի տանը մի հոգի արթուն մնում ա, որ հերթապահի։ Էնքան շատ են կրակում, որ մտածում ենք՝ պատերազմ է սկսել։ Դպրոցում արդեն բացակա աշակերտներ ունենք, մարդիկ դուրս են գալիս Խնածախից, տեղափոխվում են Գորիս, կամ գնում են Երևան»,-տեղեկացրեց ուսուցչուհին։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը իր խոսնակի շուրթերով դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ արել քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։

Հունան Թադևոսյան