Մենք հո՞ ամեն օր թշ նամու դրոշը չենք վառnւմ, բայց կրակnւմ են, չէ՞․ խոզնավարցին Գորիսում տուն է վարձել, որ գիշերեն այնտեղ

Խոզնավարում զարմանում են, որ համագյուղացի Ռուբիկ Խաչատրյանի տան ուղղությամբ կրակը Երևանում որոշները կապում են ջահերով երթի ժամանակ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները այրելու հետ։
«Ամեն օր էլ կրակում են, այստեղ ապրելը դարձել է անհնար։ Մենք հո՞ ամեն օր թշնամու դրոշը չենք վառում, բայց կրակում են, չէ՞։ Ադրբեջանի դիրքերից արձակված «ՊԿ»-ի գնդակը արդեն 2 բնակելի տան մեջ է հայտնվել, գյուղում շատ տներ կան, որ տանիքի վրա անցքեր կան։ Ասում եմ՝ ամեն Աստծո օր կրակում են»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց խոզնավարցի տղամարդը։
Նրա խոսքով՝ մարտի 20-ից սկսված կրակոցները լռել են միայն ապրիլի 1-ին և 2-ին, ինչը թերևս կապ ունի Գերմանիայի նախագահի Ադրբեջան կատարած այցի հետ։ Դրանից հետո ահաբեկչական գործողությունները շարունակվում են առ այսօր։
«Տեսնելով, որ Երևանից որևէ արձագանք չկա, մի ամիս առաջ ես ինքս եմ նկարել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու փոխանցել լրատվամիջոցներին։ Դրանից հետո սկսել են ինձ մեղադրել, մարդ չի մնացել, որ չզանգի, թե՝ «խի՞ ես խուճապ տարածում»։ Խուճապը ո՞րն ա, օրերով կրակում են մեզ վրա, լռե՞նք»,- զարմանում է նա։
Օրեր առաջ ադրբեջանցիների կրակից Խոզնավարում վնասվել է Կամո Հարությունյանի և Սմբատ Հակոբջանյանի տների տանիքներում տեղադրված արևային ջրատաքացուցիչ համակարգերը։ Վնասվել են ևս մի քանի տանիքներ։ Իսկ երեկ գնդակը հայտնվել է խոզնավարցի Ռուբիկ Խաչատրյանի տանը՝ ուղիղ նշանակետով։
«Բախտները բերել է, որ էդ պահին լուսամուտի մոտ մարդ չի եղել»,- ասում է մեր զրուցակիցը։
Խոզնավարում վախ ու մտահոգություն կա, բայց ի տարբերություն հարևան Խնածախի՝ առայժմ բնակիչների զանգվածային արտագաղթ չկա։
«Փոքր թոռ ունեմ, ջահել հարս ունենք տանը, իրենց համար եմ մտահոգվում։ Դրա համար Գորիսում տուն եմ վարձել, ամեն երեկո տանում եմ երեխեքը մնում են էնտեղ, որ կրակոցի ձայները չլսեն, չվախենան։ Ամեն օր նույն ժամերին կրակում են տների վրա, ստեղ երեխա պահել կլինի՞»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան