Հումանիտար առևանգում 

Հումանիտար առևանգում 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։

«Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքից փորձել են առևանգել». վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի այս հոդվածից շուրջ մեկ ժամ անց իրավապահները բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ Ժորա Սահակյանի հորը՝ Վահիդ Սահակյանին, Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ու Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Վերջինս, ի վերջո, ձերբակալվել է:

«Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ըստ թերթի՝ վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի:

Նման «ահասարսուռ» տեսարան նկարագրել է միայն Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը, մյուս բոլոր փաստերը, հրապարակված տեսանյութերը հուշում են, որ դասական իմաստով առևանգում տեղի չի ունեցել:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանին հրավիրում նստել մեքենան, վարչապետի որդին այդ գործողությունն անում է ինքնակամ:

Երեկ իշխանական ԶԼՄ-ները թեզեր էին շրջանառում՝ բարոյական մոտիվներով, թե ինչպես կարելի է, հոր գործունեության հետևանքով թիրախավորել որդուն:

Այս թեզի հետ միանգամայն համաձայն ենք, մյուս կողմից՝ կրկնում ենք, որ չկա առևանգման, բռնության որևէ փաստ, սակայն դրա փոխարեն՝ իրավապահ ռեպրեսիվ համակարգը թիրախավորում է զոհվածների ծնողներին՝ կեղծ հիմքերով նրանց նկատմամբ սանձազերծելով քրեական հետապնդում:

Բացի այդ, այս ամենը հետևանք է Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության, զոհերի ծնողների օրինական պահանջներն արհամարհելու հետևողական վարքագծի: Երբ իշխանությունը տարբեր առիթներով բռնություն է գործադրում ծնողների նկատմամբ, միշտ պետք է հիշի՝ գոյություն ունի բումերանգի էֆեկտ:

Վահրամ Բագրատյան