Ուկրաինան, կարծես, պատրաստ է զիջել իր հողերի 20%-ը․ Թրամփը «երեք օրվա ընթացքում» կբացահայտի խաղաղության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին հրապարակայնորեն ներկայացնել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կարող է ներառել եվրոպական ռազմական ուժերի ներգրավումը՝ հնարավոր հրադադարի պահպանումն ապահովելու համար, գրել է «New York Post»-ը։
«Ես ձեզ ամբողջական թարմացումներ կներկայացնեմ առաջիկա երեք օրվա ընթացքում»,- ասել է Թրամփը լրագրողներին։ «Բայց մենք շատ լավ հանդիպումներ ունեցանք Ուկրաինայի, Ռուսաստանի վերաբերյալ... Տեսնենք, թե ինչպես կստացվի»:
Թեև պաշտոնական պայմանները մնում են մշուշոտ, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ ծրագիրը կարող է ներառել այսպես կոչված «դիմակայության ուժերի» ներդրումը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգի մի մասը:
«Բարդն այն է, թե ինչպիսի տեսք ունեն անվտանգության ուժերը. մենք նրանց անվանում ենք «դիմակայության ուժեր», - բացատրել է նա:
Դիտարկվում է նաև առանձին խաղաղապահ առաքելություն ստեղծելու գաղափարը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ չեզոք երրորդ երկրի ներկայացուցիչներից բաղկացած համատեղ հանձնաժողով, որը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը։
Խաղաղության առաջարկի մեկ այլ հնարավոր բաղադրիչ է ԱՄՆ-ի մասնակցությունը, ոչ թե որպես ուղղակի ռազմական ներկայություն, այլ որպես «դրամական ուժ երրորդ կողմի հետ միասին:
«The Wall Street Journal»-ը հայտնել է, որ համաձայնագիրը կարող է ներառել նաև Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելու կետ։
Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է զիջել իր հողերի 20 տոկոսը», քանի դեռ այն համարվում է տարածքի «դե ֆակտո» ճանաչում, այլ ոչ թե «դե յուրե»:
«Դե ֆակտո նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ ռուսները օկուպացրել են այս հողը, բայց չենք ասում, որ Ուկրաինան ընդմիշտ կհրաժարվի դրանից»,- ասել է պաշտոնյան։