Փաշինյանը երեխաներին օգտագործում է իր քաղաքական նպատակների համար

Օրենքով արգելվում է երեխաներին օգտագործել քաղաքական գովազդներում, սակայն շատ հաճախ օրենքը անզոր է լինում կարգավորել բոլոր իրավիճակները։ Ու հենց այստեղ է, որ օրենքի բացերին օգնության պետք է գան բարոյական նորմերը։
Սովորաբար այն երկրներում է կայանում քաղաքական համակարգը, որտեղ գործիչները ունենում են քաղաքական պատասխանատվություն ու իրենց անձով կարողանում են ձևավորել այնպիսի բարձր մշակույթ, որում երևույթները դառնում են ինքնակարգավորվող, հիմքում ունենալով քաղաքական բարձր գիտակցություն։
Սակայն Հայաստանում պատկերը միանգամայն հակառակն է։ Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան այցելում է որևէ բնակավայր (բացառություն կարող է լինել աշխատանքային այցով դպրոց գնալը), բնականաբար, դա քաղաքական գովազդ չէ, այլ ներկայացվում է աշխատանքային պարտականություն, սակայն տվյալ անձը երբեմն ունենում է բարոյական այնպիսի խոցելի նկարագիր, որ ոչ միայն չի խորշում, երբ մեծահասակներն իրենց քծնանքը դրսևորելու համար օգտագործում են երեխաներին, այլև նույնիսկ ուրախանում է։
Այսպես կոչված «քաղաքացու օրվա» կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ապարան։ Նախ զզվանք էր առաջացնում նրան դիմավորելու արարողության ողջ ստորաքարշությունը, կրկնակի զզվանք էր առաջացնում, երբ որոշ պատասխանատուներ իրենց ողջ նողկալի պահվածքն արտահայտելու զազրելի պրոցեսում օգտագործում էին երեխաներին։ Եռակի զզվանք էր առաջացնում, երբ Նիկոլ Փաշինյանը կազմակերպիչներին սաստելու փոխարեն, երեխաների կողքով անցնում էր որպես տրիումֆատոր։
Երգն էլ պատահաբար չէր ընտրված, երեխաները Նիկոլ Փաշինյանին դիմավորում էին «Բարով եկար, կանաչ սարերով եկար, խոր-խոր ձորերով եկար» երգով։ Նույնիսկ պետության հաղթած ղեկավարին չի կարելի դիմավորել նման երգերով, այն էլ երեխաների կատարմամբ, ուր մնաց մեկին, որը խորտակել է այդ նույն երեխաների ներկան, իսկ անվտանգ ապագան դրել կասկածի տակ։ Եթե պարտադիր պետք է լիներ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու որևէ արարողակարգ, ապա տեղին կլիներ նրան դիմել Սասունցի Դավիթ էպոսի հետևյալ բառերով.
«Է'յ Կոզբանդին մեծաբերան,
Էդ որտեղի՞ց լերան-լերան,
Լերան-լերան կգաս փախած,
Հաստ գլուխդ կեսից ճղած»։
Բայց կրկին՝ ոչ երեխաների կատարմամբ, քանի որ նույնիսկ անհույս տգետին է հասկանալի, որ երեխաները ոչ միայն չեն կարող ամբողջովին հասկանալ ու ըմբռնել, թե ինչ է կատարվում, այլև չեն կարող պատասխանատու լինել նույնիսկ իրենց արարքների համար։
Սակայն սա առաջին դեպքը չի, երբ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է երեխաներին իր քաղաքական շահերի համար, հիշենք թեկուզ 2018 թվականի իրադարձությունները, երբ փողոց փակողների մեծամասնությունը դպրոցականներ էին ու նույն Նիկոլ Փաշինյանը նորից օգտվեց երեխաների անպաշտպան վիճակից ու ծառայեցրեց իր քաղաքական նպատակներին։
Կարեն Կարապետյան