Փաշինյանը վերախմբագրեց Էրդողանի ուղերձը

Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղելով Հայոց Ցեղասպանության կապակցությամբ, փաստացի կրկնեց ու հաստատեց Էրդողանի խոսքերը, միայն այլ ձևակերպումներով։ Այն որ Փաշինյանն իր ուղերձում օգտագործեց Ցեղասպանություն բառը, ոչինչ չի նշանակում, քանի որ ուղերձի ողջ բովանդակությունը միահունչ էր Էրդողանի ասվածի բովանդակությանը։
Նիկոլ Փաշինյանի հետևյալ ձևակերպումը, որ հայերը զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին և զանգվածային տեղահանություններին, մոտավորապես Էրդողանի՝ «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների հետևանքով զոհված հայեր» արտահայտության կրկնությունն է։
Թե' Փաշինյանը, թե' Էրդողանը ամրագրում են, որ հայերի կոտորածը սկսվել է 1915 թվականից, ինչը լիովին տեղավորվում է Թուրքիայի քաղաքական շահի շրջանակներում, քանի որ 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմն արդեն սկսված էր (պատերազմը սկսվել է 1914 թվականին ու տևել մինչև 1918 թվականը)։
Ընդհանրապես, Հայոց Ցեղասպանության մեկնարկը պետք է համարել ոչ թե 1915 թվականից, այլ Աբդուլ Համիդի կառավարման ժամանակաշրջանից, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է հիմք դրվել Հայոց Ցեղասպանությանը, տեղահանումներին ու էթնիկ զտումներին։ Երիտթուրքերի իշխանության գալը ընդամենը կարճ ժամանակով դանդաղեցրեց, բայց չկասեցրեց գործընթացը, հետագայում այն հասավ իր գագաթնակետին։ 1915 թվականի ապրիլի 24-ը սահմանելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օր, միաժամանակ երբեք չպետք է բաց թողնել Աբդուլ Համիդի ժամանակաշրջանը ու զրկել թուրքերին Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակով մանևրելու հնարավորությունից։
Սակայն Նիկոլ Փաշինյանի ուղերձի խնդիրը միայն տվյալ հատվածի մատնանշումը չէ։ Նախ, չկար ոչ մի դատապարտող խոսք նույնիսկ Օսմանյան կայսրության հասցեին, չկար միջազգային հանրությանն ուղղված որևէ կոչ, չկար Հայոց Ցեղասպանության ճանաչման գեթ մեկ ակնարկ։ Հակառակը, կարծես առկա էին թուրքերին արդարացնող քողարկված նրբերանգներ։ Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության պատճառը հայերի չսահմանազատված ու չսահմանագծված պետության բացակայությունն էր ու այն հավաստումը, որ միայն նման պետության գոյության, խաղաղության ու ինքնիշխանության առկայությունը, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է Ցեղասպանությունից խուսափելու հետագա գրավականը։ Գրեթե նույն բանն էր ասում նաև Էրդողանը. «Նրանք, ովքեր փորձում են վերհանել թշնամանքը և խաթարել մեր միջև կառուցված ամուր կամուրջներն ու կապերը, չեն հասել իրենց նպատակներին», միաժամանակ հավելելով, որ «անցյալի հիշողությունները չպետք է գերության մեջ պահեն ներկան և ապագան»։ Բացառապես ապագային է հղում անում Էրդողանը՝ հպանցիկ ակնարկելով անցյալին, բացառապես ապագային է հղում անում Նիկոլ Փաշինյանը՝ թեթևակի հիշատակելով Հայոց Ցեղասպանության մասին։
Լրատվականներում կա ընդունված գործելաոճ, երբ որևէ լրատվամիջոց ներկա չի լինում որևէ միջոցառման, ապա վերցնում է այլ տեղերում առկա նյութը, վերախմբագրում, փոփոխում ու այն ներկայացնում նորովի, որպես սեփական նյութ։
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նման էր Էրդողանի խոսքի վերախմբագրած ու փոփոխված տարբերակին, սակայն մի տարբերությամբ, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում առկա էր նաև սպառնալիք ներքին լսարանին։ Այլափոխված տարբերակով, նա Հայաստանի հասարակությանը հասկացնում էր, որ եթե դադարեք վստահելը ներկա Կառավարությանը, չսատարեք
«Իրական Հայաստանի» գաղափարին, չսատարեք Ալիևի կողմից թելադրված պայմաններով իրականացվող սահմանազատմանն ու սահմանագծմանը, չսատարեք «Խաղաղության խաչմերուկ» կոչեցյալին, չխնդրեք Թուրքիային բացել սահմանները, չհրաժարվեք ձեր հայրենիքի մի մասից ու ազգային արժեքներից, չաշխատեք ու հարկերը ըստ պատշաճի չմուծեք, այլ խոսքով՝ եթե մերժեք ինձ՝ Նիկոլ Փաշինյանիս, նոր Ցեղասպանությունից չեք խուսափի։
Կարեն Կարապետյան