Երևանը հայտարարվել է աղետի գոտի

Երևանը հայտարարվել է աղետի գոտի

Երևանն աստիճանաբար վերածվում է աղետի վայրի։ Եթե ժամանակին խցանումները պայմանավորված էին հստակ ժամերով, ապա այժմ դրանք դուրս են տրամաբանությունից։ Ցերեկը ժամը 3-ին նույն խցանումներն են, ինչ առավոտյան, երբ մարդիկ գնում են աշխատանքի, կամ աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ գնում են տուն։ Այդ անտրամաբանական խցանումներին չկա որևէ հոդաբաշխ բացատրություն։ Մարդը Կոմիտասի պողոտան իջնում է ավելի երկար ժամանակում, քան Երևանից հասնում են Սևան, կամ Եղեգնաձորից Նորագավիթ հասնելն ավելի արագ է տևում, քանի Նորագավիթից Պռոշյան փողոց։

Հատկանշական է, որ Երևանի քաղաքային իշխանություններն այլևս հանդես չեն գալիս խնդրի լուծման և ոչ մի առաջարկով։ Կյանքը ցույց է տվել, որ մինչ այդ եղած առաջարկներն ավելի շատ նպաստել են տեղական բյուջեյի ավելացմանը, բայց չեն թեթևացրել խցանումները։ Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում. միայն թղթաբանությունն է ավելացել։

Խցանումներին զուգահեռ Երևանի փողոցներում այլևս փոսեր չկան, դրանք վաղուց վերածվել են այնպիսի խոր ձորերի, որոնց ռելիեֆին կնախանձի անգամ Սյունյաց հրաշք բնությունը։ Հանդիպելով նման փոսերի, որոնցից յուրաքանյուր փողոցում կա առնվազն հինգ հատ, մարդը կանգնում է երկընտրանքի առջև. կա՛մ շրջանցի, ստեղծելով վթարային իրավիճակ, կա՛մ հայտնվի այդ փոսերում, այլևս ինքնուրույն դուրս չգալու հեռանկարով։

Բայց ա՛յ փոխարենը ծաղկում է տուգանքի «ինստիտուտը»։ Թեպետ ըստ «նոր Հայաստանի» գաղափարաբանության քաղաքացին չպետք է լիներ տուգանքի մատերիալ, բայց նման մոտեցմանը կտրականապես դեմ են պարեկներն ու խաչմերուկներին դրված տեսախցիկները։ 

Յուրաքանչյուր անզգույշ քայլ, փոսերից խուսափելու մանևր, խցանումները շրջանցելու փորձ... միանգամից հանգեցնում է անխուսափելի տուգանքի։

Ու Նիկոլ Փաշինյանն այդ խնդրի լուծմանը մոտեցել է շատ պոետիկ եղանակով։ Շատերը երևի կհիշեն նրա շուտասելուկն այս թեմայով. «խախտիր՝ մուծիր, խախտիր՝ մուծիր, մուծիր՝ խախտիր, մուծիր՝ խախտիր»։
Կարելի է փաստել, որ Երևանում ավտոմեքենան աստիճանաբար շարժականից վերածվում է անշարժ գույքի։

Կարեն Կարապետյան