Արցախի ԱԺ երեք խմբակցություններ առաջադրել են նախագահի իրենց թեկնածուին

Արցախի ԱԺ «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններն այսօր առաջադրել են ԱՀ նախագահի իրենց թեկնածուին։
MediaHub-ի տեղեկություններով՝ խորհրդարանական երեք ուժերի թեկնածուն էլ Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանն է։
Հատկանշական է, որ իշխող խմբակցությունը շտապողականություն չի դրսևորում, իսկ «Միասնական հայրենիք» խմբակցությունը ցանկանում է առաջադրել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին, որն այս պահին քիչ է հավանական, քանի որ Բաբայանը քաղաքացիության ժամկետի խնդիր ունի։
MediaHub-ի հետ զրույցում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ դեռ ժամանակ կա և իրենց թեկնածուի անունը վաղը հայտնի կդառնա։
«Վաղը վերջնաժամկետն է և վաղը ամեն ինչ պարզ կդառնա»,-ասաց նա։
Սակայն MediaHub-ի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը պարզապես սպասում է, որ հստակեցվի Բաբայանի թեկնածությունը, այսինքն՝ քաղաքացիության հարցը լուծվի, և այդ ժամանակ գուցե նոր անուն հայտնվի թեկնածուների շարքում։
Լիաննա Թորոսյան