Գլորվում ենք անդունդը, կորցնում մեր վերջին դաշնակցին․ Կիմ Բալայան

Մազաչափ կասկած չունեմ, որ այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների այս վիճակի մեղավորը ՀՀ ներկա իշխանություններն են։ Այս ճանապարհով ամենը կգլորվի անդունդը և մենք կկորցնենք մեր վերջին դաշնակցին։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։
«Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու է ՀՀ իշխանությունների որոշմամբ հումանիտար բեռ ուղարկվել Ուկրաինա, ում խորհրդով կամ ինչ նպատակով է դա արվել, բայց այն, որ այսօր 120 000 արցախցիների ցեղասպանության ենթարկելու փաստը պատշաճ ուշադրության չի արժանանում՝ դա միանշանակ է»,-նշեց Բալայանը։
Անդրադառնալով Արցախի նախագահի առաջիկա ընտրությանն ու հումանիտար աղետ ապրող երկրում ներքին բախումների մասին խնդրին, Բալայանը նշեց, որ ներքին բոլոր բախումները հրահրվում են այստեղից։ Նորընտիր նախագահը պետք է կարողանա որոշակի կայունություն բերել, ասաց նա, և հիշեցրեց, որ դեռ մեկ շաբաթ առաջ «ԱՐՑԱԽ» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ այսօր անգամ ամենաարդարացի պահանջները չեն կարող պառակտման հիմք հանդիսանալ Արցախում, այսօր Արցախում պետք է միասնականություն։
«Այն, որ Եվրոպայից կոչ են անում միանալ ՆԱՏՕ-ին, այն, որ մինչև հիմա ՀՀ իշխանությունները Ռուսաստան գնալով ասել են, որ Ռուսաստանի հետ ենք, Եվրոպա գնալով ասել են, որ Եվրոպայի հետ ենք և նույն գործողությունն արել են ԱՄՆ-ի պարագայում, այդ քաղաքականությունն արդեն իրեն ամբողջությամբ սպառել է: Մշտապես խաբել հնարավոր չէ։ Այսօրվա բոլոր քայլերը ևս մեկ անգամ հաստատում են, որ 2018թ-ից հետո մեր երկրի բարեկամների քանակը ի սպառ վերանում է, իսկ հակառակորդների քանակն ավելանում»,- շեշտեց Բալայանը։
Հարցի, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունների կողմից կատարված բոլոր սադրանքներից հետո Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից, իսկ վերջին օրերին ադրբեջանական զինուժի կուտակումները ՀՀ սահմաններին, մեղմ ասած, մտահոգվելու տեղիք են տալիս, Բալայանը պատասխանեց.
«Ռուսաստանը պատշաճ ձևով չի աջակցել Հայաստանին վերջին շրջանում և մազաչափ կասկած չունեմ, որ այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների այս վիճակի մեղավորը ՀՀ ներկա իշխանություններն են։ Բայց, ամեն դեպքում, հարցն այս պահին մի փոքր այլ է և մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Ռուսաստանը հնարավորություն ունի լիովին պաշտպանական գործողություններ իրականացնելու, թե ոչ։ Իմ համոզմամբ՝ Ռուսաստանն այս պահին այդ հնարավորությունը չունի։ Հին ասացվածքն ասում է, որ ով վճարում է ՝ նա էլ երաժշտությունը պատվիրում է, այսինքն՝ ով բերել է Նիկոլ Փաշինյանին իշխանության, նա էլ գործողությունների պատվերներ է տալիս»:
Ապա հավելեց.
«Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ այն ուղին, որ ընտրել են ՀՀ իշխանությունները, մեզ կտանի միայն դեպի անդունդ և մենք կկորցնենք մեր վերջին դաշնակցին»։
Մարիա Զարգարյան