«Դեմ եմ, որ հորս սպանողին Ադրբեջանին հանձնեն»․ ԶՊՄԿ սպանված պահնորդի երեխաները արդար վճիռ են սպասում 

«Դեմ եմ, որ հորս սպանողին Ադրբեջանին հանձնեն»․ ԶՊՄԿ սպանված պահնորդի երեխաները արդար վճիռ են սպասում 

Դեմ եմ, որ հորս սպանածին Ադրբեջանին հանձնեն։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը։ 

Հիշեցնենք, որ «Դատալեքս» տեղեկատվական հարթակը հրապարակել էր Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի կողմից սպանելու գործով դատական նիստի օրը։ Այն մի քանի օրից է՝ հունիսի 9-ին, ժամը 16։00-ին։ 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 26-ին մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապը կորել էր: ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։ Ադրբեջանն այս պահին փորձում է տանել մի գրծընթաց, որի արդյունքում երկու ադրբեջանցիներին կփոխանակի առևանգված զինծառայողների հետ: Այդ թվում՝ սպանության մեջ մեղադրվողին:

Ժորժ Մելիքցեթյանը նշեց՝ ակնկալում են, որ պետությունն իրենց կողքին կկանգնի. «Մեր նպատակն այն է, որ տեսնենք՝ մեր պետությունը մեզ է աջակցում, ոչ թե ադրբեջանցուն կամ թուրքին»,-ասաց նա։ 

Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը ևս նշեց, որ իրենց հիմնական սպասելիքները պետությունից է։

«Սպասում ենք դատարանի դատավճռին, հուսանք, որ գոնե այս ամենից հետո պետությունը կկանգնի ընտանիքիս կողքին, առավել ևս, որ փոխանակման կամ արտահանձման որևէ իրավական հիմք չկա»,-նշեց Անի Մելիքսեթյանը։ 

Դիտարկմանը, որ Հուսեյին Ախունդովին պետությունը հանրային պաշտպան է նշանակել, որը, սակայն, մեր տեղեկություններով՝ հրաժարվել է պաշտպանել ադրբեջանցու շահերը, Ժորժ Մելիքսեթյանն արձագանքեց․

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ հայ պետք է իրեն պաշտպանի»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, որը նշել էր, թե ընկերոջ հետ փախել են իրենց ծառայակիցներից։ Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովն ավելի ուշ հայտաբերվեց. 3 օր անց Սյունիքի մարզի Աճանան գյուղում գյուղացիները տարօրինակ մեկին են նկատել, մոտեցել, պարզել, որ ադրբեջանցի է: Ախունդովին գտնելուց հետո առաջ բերվեց մի վարկած, թե ինքն է սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին, քանի որ Հայրապետի հեռախոսը վերջինիս մոտ է եղել։ Դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով, դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի:

Լիաննա Թորոսյան