Նարեկ Մկրտչյանը նորից պետության հաշվին մեկնել է կուսակցական հանդիպումների, այս անգամ՝ Լոնդոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որ սիրում է բյուջեի հաշվին, աշխատանքային այցի անվան տակ տարբեր էկզոտիկ և հեռավոր երկրներ մեկնել ու այնտեղ «կարևոր» հանդիպումներ ունենալ, հիմա էլ իր տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում է։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների ինստիտուտի (TBI) և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչների հետ։
«Զրույցի առանցքում հիմնականում եղել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը. պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել, մշակել և իրականացնել պիլոտային ծրագրեր ռազմավարության նպատակային ուղղություններից երկուսի՝ վաղաժամ մահերի կանխման և ակտիվ ծերության ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարելի է չխորանալ այցի նպատակահարմարության և օգտակարության մեջ ու համարել, որ՝ դե, աշխատանքային այց է, մեկնել է, կարող է երկրի համար մի օգտակար բան դուրս գա դրանից, թեև այսպիսի այցերը հիմնականում որպես տուրիստական շրջագայություն են մնում այդ պաշտոնյաների սրտերում։
Բայց մեր աչքով մեկ այլ հաղորդագրություն էլ ընկավ, որ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության խմբակցության ղեկավար Ջեսիկա Մորդենի հետ։ Քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու միջկուսակցական կապերի հաստատման ուղղությամբ։ Ընդ որում, այս հաղորդագրությունը մենք հանդիպեցինք ոչ թե նախարարության պաշտոնական կայքում, ինչպես վերևի հաղորդագրությունն էր, այլ տելեգրամյան ալիքներից մեկում։ Փաստորեն, ստացվում է՝ Նարեկ Մկրտչյանը որպես նախարար աշխատանքային այցի շրջանակներում նորից գնացել է ՔՊ-ի գործերը առաջ տանելու և կուսակցական հանդիպումներ ունենալու։
Ինչո՞ւ նորից, որովհետև Նարեկ Մկրտչյանը, որը նաև ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն է, այս տարվա մարտ ամսին էլ մեկնել էր ԱՄՆ և այնտեղ էլ դարձյալ աշխատանքային այցի անվան տակ այլ ՔՊ-ականների հետ միասին կուսակցական հանդիպումներ էր ունեցել։ Նա այնտեղ հանդիպել էր Նյու Յորքի Խաղաղության միջազգային ինստիտուտի (IPI) գործադիր տնօրեն Ադամ Լուպեին և նրա հետ քննարկել ՔՊ-ի հորինած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Այսինքն՝ Մկրտչյանը պետության հաշվին մեկնել էր ԱՄՆ, որ ՔՊ-ի համար հանդիպումներ ունենա։ Հիմա նույնը Լոնդոն կատարած այցի շրջանակներում է անում։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ նշված է, որ Նարեկ Մկրտչյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, բայց սա, միևնույն է, պետության հաշվին կատարված այց է, քանզի Մկրտչյանը որպես ԱՍՀ նախարար է մեկնել Լոնդոն, ոչ թե որպես ՔՊ անդամ։
Այսինքն՝ Մկրտչյանն իր պետական կարգավիճակն օգտագործելով՝ ի պաշտոնե մեկնել է գործուղման, որ այնտեղ իր կուսակցությանն առնչվող հարցեր քննարկի ինչ-որ անձանց հետ։ Նույն կերպ կարող են, օրինակ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պետության հաշվին որևէ պատվիրակության կազմում մեկնեն արտերկիր՝ գործուղման և այնտեղ իրենց կուսակցության շահերը սպաարկող հանդիպումներ ունենան։ Ասենք՝ հանդիպեն ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի քույր կառույցների հետ։
Վահե Մակարյան