ՔՊ-ն՝ օրենքից վեր

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է, ով փոխանակ զբաղվի դատաիրավական բարեփոխումներով, «լավատեսական» գրառումներ է անում՝ քծնելով Նիկոլ Փաշինյանին:
«Արդար» դատարանը
Մի քանի օր առաջ դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ իշխանական պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը, որ բանտում էր հայտնվել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծանր վնասվածք պատճառելու հոդվածով։ Փոխգնդապետը ծեծից հետո 4 տարի մնաց կոմայում և մահացավ 6 ամիս առաջ:
Օրինականության պահանջ
Ակնհայտ է, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահը վրա է հասել այս դաժան ծեծի հետևանքով, հետևաբար՝ Հարություն Գրիգորյանը ոչ թե պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեր, այլ նրա արարքին տրվեր նոր իրավական գնահատական, տեղի ունենար նոր դատավարություն՝ ավելի խիստ պատժով:
Ավելին, բոլորը, այդ թվում՝ մահացած փոխգնդապետի հարազատները և ծառայակիցները պնդում են, թե ծեծին մասնակցել է նաև նախկին մարզպետ, գործող պատգամավոր Տրդատ Սարգսյանը: Նա ոչ միայն անպատիժ մնաց, այլ նպաստեց իր օգնականի ազատ արձակմանը:
Վահրամ Բագրատյան