Սեյրան Հայրապետյանին չեն դանակահարել. ի՞նչ է տեղի ունեցել Արցախում

Սեյրան Հայրապետյանին չեն դանակահարել. ի՞նչ է տեղի ունեցել Արցախում

Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել և ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, և սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։ 

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր, որ Հայրապետյանը Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Եվ ակնհայտ էր, որ այդ երկու իրադարձությունների միջև կապ կա:

MediaHub-ի արցախյան աղբյուրները, սակայն, հերքեցին մամուլի տեղեկությունները՝ նշելով, որ միջադեպն իրականում այլ պատճառ է ունեցել, իսկ դանակահարություն առհասարակ չի եղել։

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը վիճել է ԱԺ-ում աշխատող մի երիտասարդ կնոջ հետ։ Վեճն աշխատանքային է եղել, իրար չեն հասկացել, Հայրպատեյանն ինչ-որ բան է ասել կնոջը, որը հրաժարվել է անել, ասել է՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես, թե ինչ անեմ։ 

Հետո այդ կինը վիճաբանության մասին պատմել է իր հորն ու եղբորը, վերջիններս էլ հանդիպել են Հայրապետյանի հետ՝ խոսելու նպատակով, սակայն վեճը թեժացել է և սկսել են հարվածել իրար, սակայն դանակահարություն չի եղել։ 

Արդյունքում, այդ կինն աշխատանքից ազատվել է, իսկ Սեյրան Հայրապետյանը հեռացվել է Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ 

Լիաննա Թորոսյան