Դանակահարվելուց հետո հեռացավ պաշտոնի՞ց. Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դանակահարվելուց հետո հեռացավ պաշտոնի՞ց. Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ապրիլի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանն  Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե  հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով`
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Հիշեցնենք, ըստ մամուլի՝ օրերս ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել։ Ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, եւ սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։