Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ պարզաբանում է Գարեգին Բ-ն

Կարծում եմ, որ մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մտքին։ Այդ մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նա նշեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստին դեռ ոչ ոք ծանոթ չէ, և այդ առումով կարծիք հայտնել չի կարող։
«Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մենք պաշտպանելու ենք Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա Գարեգին Բ-ն ասաց, որ իրենք հայրական հորդոր են հնչեցրել, և այդ հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում։
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ։ Կատարվում են սխալ ու անընդունելի հայտարարություններ, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։ Մտահոգիչ է մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհանդուրժողության ոգին։ Այս իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մեր առջև ծառացած խնդիրները կարող են հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբմամբ»,- նկատեց նա։
Ըստ Գարեգին Բ-ի՝ այս խնդիրն առաջնային է։
Նարե Գնունի