ՄԱԿ-ը կանխատեսում է աշխարհում սովյալների թվի աճ՝ մինչև 220 միլիոն

ՄԱԿ-ը կանխատեսում է աշխարհում սովյալների թվի աճ՝ մինչև 220 միլիոն

Երկրագնդի սովյալների և թերսնվածների թիվը կարող է հասնել 220 միլիոնի՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին սննդի պակասի պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փոխտնօրեն, Իտալիայի գյուղատնտեսության նախկին նախարար Մաուրիցիո Մարտինան, որի խոսքով, դեռևս ճգնաժամից առաջ սովյալների թիվն աշխարհում 2021 թվականի տվյալներով աճում էր և հասել էր գրեթե 200 մլն-ի՝ 53 երկրում: Ռուս-ուկրաինական պատերազմը միայն կվատթարացնի իրավիճակը։

«Ներկայիս հակամարտությունն էլ ավելի կսրի սովի հետ կապված իրավիճակը, մեր նախնական գնահատականներով՝ սովյալների թիվը կարող է աճել ևս 18 միլիոնով, թեև շատ բան կախված է հետագա զարգացումներից», – ասել է Մարտինան շաբաթ օրը Corriere թերթում հրապարակված հարցազրույցում։

Իտալիայի գյուղատնտեսության նախկին նախարարը նշել է, որ Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված է վեց միլիոն տոննա հացահատիկ և գրեթե 14 միլիոն տոննա եգիպտացորեն։

Նա խոստովանել է, որ այլընտրանքային ծովային ուղիներով սննդամթերքի արտահանումը չի կարող երաշխավորել մեծ ծավալների փոխադրումներ։ Նա ասել է, որ աշխատանքներ են տարվում բեռնատարներով ուկրաինական հացահատիկի և եգիպտացորենի արտահանումը Ռումինիա կազմակերպելու ուղղությամբ, որտեղից բեռներն այնուհետև կտեղափոխվեն Դանուբ:

«Կարևոր է, որ նավահանգիստները նորից գործարկվեն», – ասել է Մարտինան: