Իսրայելցի ուժայինների հետ բախման հետևանքով 240 պաղեստինցի է տուժել

Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով 240 պաղեստինցի է տուժել. այդ մասին հայտնում է Կարմիր մահիկը: Ընդհարումները տեղի են ունեցել Նաբլուս շրջանում:
Ավելի վաղ Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտնել էր պաղեստինցի դեռահասի մահվան մասին, ով վիրավորվել էր Բեթղեհեմի շրջանում իսրայելցի զինծառայողների կողմից: Իսրայելական բանակն իր հերթին հայտնում է, որ զինծառայողները կրակ են բացել պաղեստինցիների ուղղությամբ, ովքեր քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել իրենց վրա:
Նշենք, որ պաղեստինցիները հրեական բնակավայրերի ընդլայնման դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում Արևմտյան ափում ամեն ուրբաթ: