Արայիկ Հարությունյանն ինչ-որ մեկի ձեռքը կրակն է ընկել

Արայիկ Հարությունյանն ինչ-որ մեկի ձեռքը կրակն է ընկել

Այս իրավիճակում, երբ, ըստ Փաշինյանի երկարամյա սցենարի, Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվելուց 5 է պակաս, Արցախում ներքաղաքական եռուզեռ է, որը տրամաբանական սկիզբ ու վերջ չունի։ Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ ինքն է Արցախում տիրող իրավիճակի միակ պատասխանատուն, «տերն ու տիրակալը»։ Մինչդեռ նրան այդ հարցում միայնակ թողնել չէին ուզում. Այդպես, Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը պատրաստակամություն էր հայտնել կիսել պատասխանատվությունը, որը հնարավոր կլիներ միայն որևէ պաշտոն ստանձնելով։ Մայիսի 15-ին Բաբայանի աջակիցները հանրահավաք անցկացրին՝ պահանջելով, որ վերջինս զբաղեցնի պետնախարարի պաշտոնը։ Արայիկ Հարությունյանը պետք է մտածեր, որի համար տաս օր ժամանակ վերցրեց։ Սկսեց քաղաքական կոնսուլտացիաներ:

Սկզբում քննարկվում էր պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու հարցը, որի կազմում լինելու էր նաև Սամվել Բաբայանը, MediaHub-ին փոխանցել էին նաև, որ Ռուբեն Վարդանյանը ևս կարող է այս կոմիտեի կազմում հայտնվել։ Սակայն երկար մտածելուց հետո նախագահը փոշմանել էր, որի մասին էր վերջինիս ուղերձը:

Չնայած որոշ հանգամանքներին՝ Բաբայանը, ըստ էության, դեմ չէր կոմիտեի ստեղծելուն, որի մասին նաև MediaHub-ին էր ասել։ 

Մեր աղբյուրների փոխացմամբ՝ այս ընթացքում նախագահ Արայիկ Հարությունյանը երկու անգամ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ, որի ընթացքում Բաբայանը նորից ասել է՝ պատրաստ է պատասխանատվությունը կիսել և կապ չունի, թե ինչ ձևաչափով։ Սակայն Բաբայանի համաձայնությունից հետո այն ուժերն ու անձինք, որոնք վերջին երկու տարիներին Արայիկ Հարությունյանից պահանջում էին պաշտպանության պետական կոմիտե ստեղծել, հրաժարվել են այս սցենարից։ Նույնիսկ Հարությունյանը, որն ինչ-որ կետում պատրաստ է եղել կոմիտե ստեղծելուն, ասել է՝ չէ, պետք չէ։ 

Հարց է առաջանում՝ ո՞րն է խնդիրը, Բաբայանի պաշտոն ստանալը, թե այն, ինչ առաջարկվում է հանուն Արցախի: Կարող ենք ենթադրել, որ Արայիկ Հարությունյանին ուղղակի ձեռք չի տալիս հրաժարվել «սուպերնախագահությունից»։ 

MediaHub-ին հայտնի դարձավ, որ ևս մեկ հանդիպում է եղել, որի ժամանակ Սամվել Բաբայանն ու Արայիկ Հայրությունյանը քննարկել են վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակը, որը ևս միանշանակ չի ընդունվել: Ուղերձի տեքստից պարզ դարձավ՝ նախագահը բացարձակ մտադրություն չունի պաշտոնից հեռանալ:  Եվ  պարզ չէ, թե ով է նախագահին խորհուրդ տվել, որ սա իր համար հարմար տարբերակ ու գաղափար չէ։ 

Եվ ուղերձից հետո այլևս հանդիպում տեղի չի ունեցել, թեև նախապես պայմանավորվածություն եղել է:

Արցախյան քաղաքական շրջանակներում ասում են, որ այս փուլում, ստացվում է, Հարությունյանն ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, մինչդեռ անցած տարիներին հստակ թերացել է հենց այդ նույն հարցում և Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերջնարդյունքը հենց դրա վառ վկայությունն է: Այնպես որ Արցախում մեծ հույսեր չեն կապում այն հանգամանքի հետ, թե Արայիկ Հարությունյանը միանձնյա պատասխանատվություն է ստանձնել:  Վստահ են՝ ինչ-որ մեկի ձեռքի խաղալիքն է:

Մինչդեռ Արցախում սայլը տեղից չի շարժվում, թշնամին էլ ավելի է ամրանում ու իր ծավալապաշտական հայտարարությունները թղթով օրինականացման ճանապարհին է։