«Խաղաղասեր» Ալիևի վերջնագիրը 

«Խաղաղասեր» Ալիևի վերջնագիրը 

Վերջին օրերին Իլհամ Ալիևը «խաղաղասեր» է դարձել: Սկզբում Փարիզում նրա դեսպանն է խոսում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, հետո նա է զարգացնում այդ նարատիվը:

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ, երեկ Լաչինում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում, «եթե Հայաստանը կրկին չխաբի և կրկին չփոխի իր դիրքորոշումը»:

Իհարկե, Ալիևի «խաղաղության» պատկերացումներում ԼՂ-ը՝ որպես միավոր, պարզապես գոյություն չունի:

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդել է. «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է:

Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբանոցը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - հայտարարել է Ալիևը:

Այսպիսով՝ Ալիևի խոսքից կարելի է եզրակացնել, որ բանակցային գործընթացում այս պահին քննարկվում է մի տարբերակ, որով ԼՂ-ն «ինտեգրվում» է ունիտար Ադրբեջանին՝ առանց որևէ սուբյեկտության, կարգավիճակի: Կասկածից վեր է, որ այս պարագայում Արցախի հայաթափությունը շաբաթների հարց է:

Ի դեպ, խիստ «խաղաղասեր» Ալիևը անցած օրերին առևանգեց ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների՝ իր երկու դիվերսանտների հետ փոխանակելու ակնհայտ օրակարգով:

Երբ Ալիևը գիտակցում է, որ իր դեմ կանգնած է նման թույլ իշխանություն, որն անգամ սեփական երկրի պաշտպանական կարողությունները չի կարողանում ուժեղացնել, բնականաբար՝ մաքսիմալիստական օրակարգ է առաջ քաշում:

Վահրամ Բագրատյան