Փաշինյանի ազգակործան ընթացքը 

Փաշինյանի ազգակործան ընթացքը 

Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ընդունել է ընդդմիությունից հնչող այն քննադատությունը, թե Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները թե՛ Արցախի և թե՛ անկլավների մասով ու փոխարենը ոչինչ չի ստանում։ Բայց ինչպես Փաշինյանը պնդել է՝ Հայաստանը շանս է ստանում իր տարածքի սեփականատերը դառնալ դե յուրե։

«Մենք բոլորս հասկանո՞ւմ ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում, Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե», - հայտարարել է Փաշինյանը:

Եթե հետևենք Հայաստանի փաստացի վարչապետի շատ վտանգավոր տրամաբանությանը, ապա մենք երեսուն տարի պետություն չենք եղել ու ահա՝ հայտնվել է մի «փրկիչ», որը մեզ պետություն է «նվիրում», ընդ որում՝ Արցախի ու Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների զոհաբերության գնով: 

Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ըստ Փաշինյանի տրամաբանության, մենք «կադաստրի վկայական» ստանալու շանս ունենք Ադրբեջանի ողորմածությամբ: Բայց եթե մենք մեր հույսը դրել ենք թշնամական երկրի «հումանիզմի», «մեծահոգության» վրա, ամենայն հավանականությամբ՝ նրանից ոչ թե «կադաստրի վկայական», այլ «վտարման որոշում» ենք ստանալու:

Հայաստանի պետականությունը, Փաշինյանի քաղաքականության հետևանքով, հայտնվել է գոյաբանական ճգնաժամի մեջ:

Վահրամ Բագրատյան