Ալժիրը, Նիգերիան եւ Նիգերը Սահարա անապատով գազատար կառուցելու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հինգշաբթի ասել է Ալժիրի էներգետիկայի նախարար Մուհամմեդ Արկաբը, հայտնում է Reuters-ը։
Երեք երկրները հունիսին պայմանավորվել են վերսկսել տասնամյակներ տեւած բանակցությունները մի նախագծի շուրջ, որը Եվրոպայի համար պոտենցիալ հնարավորություն է դիվերսիֆիկացնելու գազի իր աղբյուրները:
Արկաբը ստորագրման արարողությունից հետո լրագրողներին ասել է, որ երեք երկրները կշարունակեն բանակցությունները՝ նախագծի իրականացումն արագացնելու համար։
Տրանսսահարյան գազատարը գնահատվում է 13 միլիարդ ԱՄՆ դոլար եւ կարող է Եվրոպային տարեկան մինչեւ 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել։
Ալժիրի Ennahar TV հեռուստաալիքի տվյալներով՝ գազատարի երկարությունը կկազմի մոտ 4000 կիլոմետր։ Այն պետք է սկսվի Նիգերիայի Ուորիից եւ ավարտվի Ալժիրի Հասի Ռ'Մելում, որտեղ կմիանա դեպի Եվրոպա գնացող խողովակաշարերին:
Այս գաղափարն առաջին անգամ առաջարկվել է ավելի քան 40 տարի առաջ, իսկ 2009 թվականին ստորագրվել է համաձայնագիր երկրների միջեւ, սակայն գործընթացը կանգ է առել:
Ալժիրը 2021 թվականին 54 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել, հիմնականում՝ Իտալիա եւ Իսպանիա։