Մնաց Աշոտ Հովհաննիսյանը. խափանման միջոցը կփոխվի՞

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը:
Նշվում է, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Մինչդեռ ՔՊ-ական պատգամավորները ավելի վաղ երաշխավորություն էին ներկայացրել ոչ միայն Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի, այլև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու համար: Վերջինիս մասով, սակայն, փոփոխություն չկա. MediaHub-ը զրուցեց Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան՝ Գոռ Օհանյանի հետ։
«Ես դեռ ծանոթ չեմ որոշմանը: Շատ դրական լուր է, բայց պարոն Հովհաննիսյանի մասով նույնն է եղել, նույն հարցաքնություններին ու առերեսումներին բավականին երկար և մանրամասն մասնակցել է նաև Աշոտ Հովհաննիսյանը, ամեն դեպքում դերևս սպասողական վիճակ է»,- ասաց նա։
Նրա խոսքով` և՛ երաշխավորագիրը, և՛ քնչական գործողություններն են նույնը եղել, բոլոր մեղադրյալները՝ «Սիներջի» աշխատակիցները և նախկին աշխատակիցները դրսևորել են միևնույն վարքագիծը:
Փաստաբանը նաև նշեց, որ չի կարող վստահ լինել, որ Հովհաննիսյանի մասով չի լինելու նման որոշում։
Հարցին, թե ինչպես է Աշոտ Հովհաննիսյանի առողջական վիճակը, արձագանքեց՝ բավարար։
Մարիաննա Արամյան