Հայր ու որդի մնացել են փլատակների տակ. ինչպե՞ս տարհանվեց Սոսը 

Հայր ու որդի մնացել են փլատակների տակ. ինչպե՞ս տարհանվեց Սոսը 

«Երևի Արցախում ամենաշատը Սոս գյուղն է հրետակոծվել։ Պատերազմի հենց առաջին րոպեներին կրակել են տների վրա, ամեն ինչ քարուքանդ արել։ Բնակիչներին տեղավորել ենք ապաստարաններում, մտածել տարհանման մասին, բայց ինչպե՞ս, եթե կրակը չէր դադարում»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը։ 

Նախքան սեպտեմբերյան պատերազմը, 2020-ից հետո, երբ ադրբեջանական դիտակետերը մոտեցել էին հայկական բնակավայրերին, հրադադարի խախտումները Սոս-Մաճկալաշեն գյուղերի ուղղությամբ պարբերական բնույթ էին կրում։ Կրակում էին հրաձգային զինատեսակներից՝ անգամ հացագործների ուղղությամբ։ Դա էր պատճառը, որ շրջափակման ամիսներին Արցախը նաև հացի խնդիր է ունեցել։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում միտումնավոր թիրախակետում հայտնվեց նաև Սոս համայնքը, որտեղ ռազմական օբյեկտներ չկան, բայց թշնամին անդադար կրակում էր բնակելի տների ուղղությամբ։ 

«Իրավիճակն անվերահսկելի էր, բոլորն ապաստարաններում էին, շարժ չկար, բայց միևնույն է, մեր աչքի առաջ տներ էին փլվում։ Տներից մեկի նկուղում, որտեղ մոտ 30 մարդ էր պատսպարվել, հրթիռակոծվեց, մարդիկ մնացին այնտեղ, բարեբախտաբար, անվնաս դուրս եկան, իսկ ահա մեկ այլ դեպքով, 77-ամյա Համլետ Գասպարյանը մահացավ, նրա տղան՝ 47-ամյա Գեղամը, ծանր վիրավորվեց։ Համլետի դին հայտնաբերել ենք հաջորդ օրը, իսկ Գեղամին տեղափոխել հիվանդանոց»,- ասաց համայնքի ղեկավարը։ 

Գրիգորյանը, այս ամենը տեսնելով, երեկոյան Սոսը տարհանելու որոշում է կայացնում։ Այստեղ էին եկել նաև Մաճկալաշենի բնակչության մեծ մասը։ 

«Ով ինչպես կարող էր, առանց ոչնչի, հագի շորերով ու հողաթափերով երեկոյան տեղափոխեցինք Քերթ, Կոլխոզաշեն ու բարձրադիր մի քանի այլ գյուղեր։ Մի ամբողջ գիշեր մենք զբաղված էինք տարհանման պլանով։ Իսկ տղամարդկանց մեծ մասը շարունակում էր մնալ գյուղում, մասնակցել ինքնապաշտպանությանը։ Ցավոք, մարտերի ընթացքում Սոսը 2 զոհ ունեցավ՝ Գագիկն ու Փայլակը, ևս 2 հոգի ծանր վիրավորում էին ստացել, տեղահանումից հետո նրանք բուժումը շարունակել են ֆրանսիական բուժհաստատություններում»: 

Սեպտեմբերի 20-ին Սոսում հայտնաբերված 77-ամյա Համլետ Գասպարյանը նույն օրը երեկոյան հուղարկավորվել է։

«Հազիվ հասցրել ենք դագաղ պատրաստել և գյուղում գտնվող տղամարդկանց հետ նրան հուղարկավորել»,- ասաց Հունան Գրիգորյանը։ 

MediaHub-ը կապ է հաստատել նաև Գեղամ Գասպարյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստան տեղահանվելուց հետո արդեն 3 անգամ վիրահատության է ենթարկվել և առողջական վիճակն այժմ բավարար է։ 

«Ես չգիտեի, որ հայրս տեղում մահացել է, որովհետև հենց կրակել են՝ ամեն ինչ փլատակների է վերածվել, ես անգիտակից վիճակում էի։ Ինձ նույն օրը տեղափոխել են Ճարտարի, ապա Մարտունու հիվանդանոց։ Այնտեղ առաջին օգնություն ցուցաբերելուց հետո՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտ, որից անմիջապես հետո ճանապարհն ադրբեջանցիները փակել են»։ 

Գեղամն ասում է, որ հոր մահվան ու գյուղում հուղարկավորվելու մասին լսել է հիվանդանոցում, ավելի ուշ։ 

Համայնքի բնակիչները սեպտեմբերի 19-ից հետո գյուղ չեն վերադարձել։ Սոսը՝ Հունան Գրիգորյանի գլխավորությամբ, վերջինը լքել են տղամարդիկ և չնայած օրեր շարունակ մնացել են պաշարված շրջանում, գյուղ վերադառնալն անհնարին էր ու վտանգավոր։ Այնտեղ են թողել տասնամյակների ընթացքում կուտակած հարստությունը, մեքենաներ ու գյուղտեխնիկա։ 

Սեպտեմբերի 25-ին Արցախի կառավարությունը վառելիք է հասցնում Գիշի, որը բաժանվում է գյուղացիներին ու նրանք էլ բռնում են գաղթի ճամփան։ Երբեմնի ծաղկուն Սոսը հայաթափվում է, ինչպես Արցախի մյուս բնակավայրերը...

Հունան Թադևոսյան