ԲԴԽ-ն այս պահին ինչ անհեթեթ պատճառաբանություն բերի, ես չեմ զարմանա․ Ազարյանը՝ ԲԴԽ-ի տեսանյութի մասին
Անթույլատրելի եմ համարում։ Մեկ բառով այսպես գնահատեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ցուցումով Դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացնում են մի շարք հնչեղ գործերի տապալման պատճառները։
Ըստ ԲԴԽ-ի՝ որոշ գործերի ձգձգման և տապալման համար մեղավոր են դատավորները, որոնք կարող էին ավելի ինտենսիվ նիստեր նշանակել, բայց չեն արել։
Տեսանյութից պարզ է դառնում, որ ԲԴԽ-ն դրական է գնահատում բոլոր իշխանությունների սրտի դատավոր Մացոյի՝ Մնացական Մարտիրոսյանի պահվածքը՝ որպես դատավոր, և քննադատում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, որին ժամանակին նույն Քոչարյանի կողմնակիցները սուր քննադատության էին ենթարկում, մինչդեռ ԲԴԽ-ն այսօր թափանցիկ ակնարկներ է անում Դանիբեկյանի՝ Քոչարյանի օգտին նիստեր ձգձգելու, Քոչարյանի գործը տապալելու մասով։
Նույնատիպ ակնարկներ կան նաև Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի դատավորների մասով և ոչ միայն։
Տեսանյութն արդեն հասցրել են քննադատել տարբեր իրավաբաններ, այդ թվում՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ համարելով սա ուղղակի ճնշում դատարանների վրա։
Ալեքսանդր Ազարյանն էլ Mediahub-ի հետ զրույցում թեև նշեց, որ իրենք պատրաստվում են Միության անունից հայտարարություն տարածել այս առիթով, բայց մի քանի խոսք, ամեն դեպքում, ասաց։ Մասնավորապես հարցրինք, թե կարո՞ղ է ԲԴԽ-ն ասել, որ սա աննախադեպ երևույթ էր և լիովին տեղավորվում է դեմոկրատիայի շրջանակներում, քանզի նախկինում ԲԴԽ-ն չէր քննադատի դատավորներին, իսկ հիմա իրենք օբյեկտիվ ներկայացնում են, թե որ դատավորն ինչպես է ձգձգում հնչեղ գործերի ավարտը։
«Դե, գիտե՞ք ինչ, ԲԴԽ-ն այս պահին ինչ անհեթեթ պատճառաբանություն բերի, ես չեմ զարմանա, ինչ հարցի շուրջ ինչ գնահատականներ էլ հնչեցնի, բացարձակ անհեթեթ են»,- ասաց Ազարյանը։
-Դուք այստեղ կոնկրետ ի՞նչ խնդիր եք տեսնում կամ ո՞ր հոդվածի խախտում եք տեսնում, որ ասում եք՝ «անթույլատրելի է»։
-Արման Թաթոյանը ճշգրիտ պատասխանը տվել է, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածին է համապատասխանում ԲԴԽ-ի կողմից նման տեսանյութ տարածելը։
- Իրենք ասում են, որ ընդամենը նիստերի ձգձման վիճակագրություն են ներկայացրել, ոչ թե գնահատել են դատավորի աշխատանքը։
-Դե, գիտե՞ք ինչ, ցանկացած հանցագործ ինչ հանցանք էլ կատարի, կարող է պատճառաբանել ինչ-որ օբյեկտիվ իրողություններով կամ իր մտածելակերպով կարող է ճշմարտությունը այդպես գնահատել։ Հիմա այլ հարց է, թե արդյոք կոնկրետ անձի գործողությունները հանցագործություն համարվո՞ւմ են, թե՞ ոչ։
-Իսկ Ձեր կարծիքով՝ հատո՞ւկ էին ընտրվել հենց այդ դատավորներն ու այդ գործերը։
-Սա նաև քաղաքակա՞ն հրահանգով է արվել, մասնավորապես գործադիր իշխանության կողմից, թե՞ ԲԴԽ-ում սեփական նախաձեռնությամբ են այսպիսի տեսանյութ պատրաստել։
-Չեմ պնդում, բայց նաև չեմ բացառում։
-Հնարավո՞ր է, ինչ-որ գործընթաց նախաձեռնվի Կարեն Անդրեասյանի և ԲԴԽ-ի դեմ այս տեսանյութի կապակցությամբ։
-Այս պահին վաղաժամ է պատասխանել այդ հարցին։
Վահե Մակարյան