Չի բացառվում, որ Իրանի վրա հարձակումն Ադրբեջանի տարածքից իրականացված լինի. Վ. Ոսկանյան

Չի բացառվում, որ Իրանի վրա հարձակումն Ադրբեջանի տարածքից իրականացված լինի. Վ. Ոսկանյան

Գիշերը տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի տարածքում ռազմական օբյեկտներ են խոցվել, աշխատել է հակօդային պաշտպանությունը, եղել է թիրախավորված հարձակում: Ի՞նչ է իրականում կատարվել. MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

- Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ գիշերն իրականացված հարձակումները կազմակերպվել են Իսրայելի կողմից, որքանո՞վ են համապատասխանում այս լուրերը իրականությանը:

- Դեռևս շատ հստակ տեղեկատվություն չկա, բայց, ամենայն հավանականությամբ, այո՝ հարձակումը եղել է իսրայելական անօդաչուների կողմից, և հարձակման նպատակը Իրանում ներքին տրամադրությունները խուճապի վերածելն էր: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ գիշեր Իրանի հյուսիս արևմուտքում՝ Խոյում, տեղի էր ունեցել երկրաշարժ, և երկրի պետական համակարգը և համապատասխան ծառայությունները զբաղված էին հետևանքների վերացմամբ:

Եթե փորձենք գնահատել գործողության արդյունավետությունը, ապա պետք է նշել, որ անօդաչուների կողմից մի քանի օբեկտների վնաս է հասցվել, բայց իրանական ՀՕՊ-ն էլ աշխատել է բավականին արդյունավետ: Այսինքն, ըստ էության, կենսական նշանակության որևէ ռազմական, պաշտպանական կամ քաղաքացիական օբյեկտ չի խոցվել:

- Իսկ պատճառները:

- Եթե փորձենք գտնել պատճառները, ապա ակնհայտ է, որ պետք է գործընթացը կապել Իսրայելի ներսում տեղի ունեցողի հետ: Գիտեք, որ ներկայիս վարչապետի դեմ Իսրայելում լայնածավալ ցույցեր են՝ զանազան պատճառներով, և գիտենք նաև, որ Պաղեստինյան դիմադրության շարժումը գործողություններ էր իրականացրել Իսրայելում, ըստ էության, հարցականի տակ դնելով Բենյամին Նեթանյահուի կառավարության գործելու արդյունավետությունը: Հետևաբար, այս եղանակով ոչ միայն լուծվում են, այսպես ասած, ռազմական կամ անվտանգային խնդիրներ, այլ նաև հարցը դառնում է Իսրայելի ներքաղաքական խնդիր:

- Հայտնի է, որ թիրախավորվել էին ռազմական օբյեկտներ: Ո՞ր օբյեկտների մասին է խոսքը:

- Առայժմ շատ հստակ տեղեկատվություն չկա, բայց առնվազն երեք օբյեկտի վերաբերյալ է խոսվում լրատվամիջոցներով, ու նաև փորձ է արվում ուռճացնել հարձակման հետևանքները՝ կրկին Իրանի ներսում խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով: Երեք ռազմական օբյեկտի մասին է առայժմ խոսքը, ընդ որում մեկը, կարծես, ռազմական էլ չէ, այլ կիսառազմական, որովհետև նավթավերամշակման կամ նավթից ստացվող քիմիական նյութերի գործարանին է վերաբերում:

Մեկ այլ կարևոր հանգամանք. չի բացառվում, որ անօդաչուների գոնե մի մասը տեղակայված լինի Ադրբեջանում և Ադրբեջանի տարածքից իրականացված լինի այս գործողությունը՝ հյուսիսային Իրանի շրջանների ուղղությամբ: Բայց, կրկնեմ, սա դեռևս միայն վարկած է և մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

- Որքանո՞վ է հավանական, որ այս հարձակումը կապ ունենա երկու օր առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ:

- Չեմ կարող ասել, որ սա կապ ունի. դա անձնական մոտիվներով իրականացրած գործողություն էր և դրանում որևէ կասկած լինել չի կարող: Բայց մի կարևոր հանգամանք ևս պետք է շեշտադրել. Իրանը, դատելով ամեն ինչից, ունեցել է հարձակման մասին տեղեկատվություն և պատրաստ է եղել դրան:

- Սպասե՞լ լայնածավալ պատերազմի, թե՝ ոչ:

- Կարծում եմ՝ իրավիճակը շատ բարդ է: Այս պահի դրությամբ լայնածավալ պատերազմ Իսրայելի և Իրանի միջև թերևս դժվար կլինի ակնկալել, բայց որ իրանցիները կգնան պատասխան գործողությունների՝ փաստ է: Ի դեպ, դա չի ենթադրում, որ այդ պատասխան գործողությունները պետք է լինեն անմիջապես, բայց, կարծում եմ, որ դրա ականատեսը մենք կլինենք, որովհետև Մերձավոր Արևելքում գործող կանոնը մեկն է. «Եթե դու չես պատասխանում քո վրա հարձակմանը, ապա այդ հարձակումը իրականացնողն էլ ավելի հանդուգն է դառնում»: Իրանցիներն այս կանոնը գիտեն, այս կանոնը գիտեն նաև իսրայելցիները:

Ընդհանուր առմամբ իրավիճակի լարումը Մերձավոր Արևելքում կարող է բերել բավական ծանր հետևանքների, բայց այս պահին առնվազն լայնածավալ պատերազմի մասին խոսելը, կարծում եմ, վաղաժամ է:

Ռեբեկա Հովհաննիսյան