Ցավոք, աշխարհի ամենախաղաղասեր մարդն այդպես էլ խաղաղություն չտեսավ 

Ցավոք, աշխարհի ամենախաղաղասեր մարդն այդպես էլ խաղաղություն չտեսավ 

«Արցախում տարբեր մասնագիտությունների տեր տղամարդիկ նախևառաջ զինվորներ էին։ Անկախ ամեն ինչից, իրենց պահարաններում զինվորական համազգեստ ունեին, որ հագնում էին վտանգի պահին ու կանգնում զինվորի կողքին։ Տղաս նկարիչ էր, քանդակագործ, սիրում էր ազատությունն ու դա արտահայտում էր իր նկարների մեջ ու քանդակներում։ Իր պատկերացմամբ ազատությունն այն երանելի խաղաղությունն էր, որ այդպես էլ չտեսավ աշխարհի ամենախաղաղասեր մարդը»,- MediaHub-ի հետ զրույցում որդու՝ 29-ամյա Գոռ Իսրայելյանի մասին պատմում է Արևիկ Իսրայելյանը։

Գոռը պարտադիր զինվորական ծառայությունից հետո կամավոր հիմունքներով մասնակցել է ապրիլյան մարտերին, սակայն, մոր խոսքով՝ կրակի դադարից հետո մինչև մայիսի 30-ը մնացել է դիրքերում, մասնակցել նաև ամրաշինական աշխատանքներին։ Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղից տեղափոխվել էր Ստեփանակերտ, այնտեղ իր առանձին ընտանիքն էր ստեղծել, ապրում էր երջանիկ կյանքով։ 

«2019 թվականին Գոռը կատարել է կյանքի ամենակարևոր քայլն ու ամուսնացել է Անժելիկայի հետ։ Երբ ծնվեց որդին՝ Հայկը, նա աշխարհի ամենաերջանիկ հայրն էր։ 2020 թվականի օգոստոսին ծառայության է ընդունվել ԱԱԾ ուժերում։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին»։

Իրավիճակն այլ էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Դեռ առավոտյան համար 1 հրամանով նա ևս ծառայության վայրում էր։ Սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակի տակ էր պահում Արցախի բոլոր գյուղերն ու քաղաքները։ Արև Իսրայելյանը հիշում է, որ պատերազմից րոպեներ առաջ դպրոցում դիրքերի լարվածության մասին խոսակցություններ կային, այդ իսկ պատճառով դասն ընդհատվել է, իսկ աշակերտներին ուղարկել են իրենց տներ։ 

«Երբ հասա տուն, փոքր տղաս, որ գյուղում մեզ հետ էր ապրում, արդեն հագել էր իր համազգեստն ու բարձրանում էր դիրքեր։ Որքան համոզեցի, հետ չկանգնեց իր որոշումից, գնաց։ Րոպեներ հետո սկսվեցին ռազմական գործողությունները։ Կապի ոչ մի միջոց չկար խոսելու Գոռի ու Վահեի հետ։ Աղջկաս հետ բարձրացանք Քոլատակ՝ տեղեկություն իմանալու, բայց նորից վերադարձանք տուն, մի ահավոր, անտանելի օր էր, սրտներս մթագնած»։

Անորոշ գիշերը լուսացնելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, Թբլղու գյուղում ևս տարածվեցին տեղեկություններ, որ տարհանվում են։ 

«Մենք բոլորի պես ոչինչ չհասցրեցինք վերցնել, կարևորը Վահեն տուն եկավ։ Մեզ հետ նաև ամուսնուս ծնողներն էին։ Մտածելով, որ կամուրջը, հնարավոր է, պայթեցնեն, րոպե առաջ դուրս եկանք, պատահական մեքենայի մեջ տեղավորվեցինք ու եկանք Իվանյանի օդանավակայան։ Հետո ուզում էինք քաղաք բարձրանալ երեխային տեսակցելու, այդտեղ իմացանք, որ Գոռը վիրավորվել է։ Ճանապարհվեցինք Ստեփանակերտի հիվանդանոց։ Երանի որդուս այդ վիճակում չտեսնեի»,- ասաց նա։

Գոռն իր համածառայակից ընկերների հետ վիրավորում էր ստացել Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ։ Մայրն ասում է՝ ծանր վիճակում է եղել։ Ու քանի որ վիրավորումն անհամատեղելի է եղել կյանքի հետ, սեպտեմբերի 21-ի գիշերը մահացել է։

«Մեզ ոչինչ չէին ասում, միայն աղոթում էինք, որ ողջ մնա, ապրի։ Բայց քանի որ առավոտից մեր տուն եկեղ-գնացողների շարժը չէր դադարում, պարզ էր արդեն, որ Գոռս մահացել է»,- արտասվում է Արև Իսրայելյանը։ 

Մոր սիրտը մղկտում է, որ որդու՝ ԱԱԾ լեյտենանտ Գոռ Իսրայելյանի գերեզմանին այցելելու հնարավորություն չունի, քանի որ նրան ևս հուղարկավորել են Ստեփանակերտի հուշահամալիրում։

«Եթե մեր իշխանությունները կամ պատասխանատուները մի քիչ շուտ ասեին, որ դիերը տեղափոխում են Երևան, մի բան կձեռնարկեինք։ Մեր սրբությունները մնացին շան բերանում։ Սեպտեմբերի 23-ին Գոռին հուղարկավորեցինք իր մայր հողում։ Հաջորդ օրը նորից այցելեցինք նրա գերեզմանին, իսկ սեպտեմբերի 25-ին բռնեցինք գաղթի ճանապարհը։ Հիմա սգալու տեղ չունենք, սիրտս ցավում է»։

Իսրայելյանների ընտանիքը Գոռի կարոտն առնում է նրա որդուց՝ Հայկից, ով բնավորությամբ ճիշտ հոր նման է՝ նույնքան տաքարյուն, միաժամանակ բարեսիրտ ու կամեցող։ 

Հունան Թադևոսյան