«Սրբազան պայքար է, և Աստծո օգնությամբ միանշանակ հաղթելու ենք»․ հարցում 

«Սրբազան պայքար է, և Աստծո օգնությամբ միանշանակ հաղթելու ենք»․ հարցում 

Այս օրերին հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, որը մեկնարկել է Տավուշից և, ըստ ծրագրածի, մայիսի 9-ին կհասնի Երևան։ 

Ի՞նչ են պահանջում քայլերթի մասնակիցները․ ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ «սա ճշմարտության շարժում է»։ Շարժման նպատակն է կանգնեցնել սահմանազատման և սահմանագծման անվան տակ ՀՀ սուվերեն տարածքի զիջումները: 

Մինչ քայլերթը հասավ Չարենցավան, Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ասուլիսի մեծամասնությունը նվիրեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն, մասնավորապես, որ «Վեհափառը ձախողել է հոգևոր առաջնորդությունը և քաղաքական շարժում է առաջնորդում»։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, որ Կիրանցն իր ծննդավայրն է, բայց Բագրատ Սրբազանը մատնացույց է անում, որ կիրանցեցիները չեն հավատում նրան՝ երկու օր առաջ իրենց մի բան են ասում, մյուս օրը գալիս, ուրիշ բան են ասում և անում։ Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, պատրաստ են իրենց տներն այրեն, քանզի թուրքը գալիս է իրենց տան կողքը, իսկ Փաշինյանն ասում է՝ «ծառ թող տնկեն, որ չտեսնեն»: Կիրանցեցին հարց է տալիս՝ «ո՞ր ծառն է կարող իրենց պաշտպանել»։ 

Արդյո՞ք  Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը հաջողություն կարձանագրի․ MediaHub-ն անցկացրեց հերթական հարցում: Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել են ավելի քան 11.000 հոգի։

Այսպիսով, «Այո» տարբերակն ընտրել է հարցվածների 50%-ը, «Ոչ» պատասխանը՝ 41%-ը, «Չի հետաքրքրում» տարբերակն ընտրել է հարցման մասնակիցների 2%–ը։ 

«Հակազդեցությունը շատ մեծ է, ցավոք չեն հաջողի» տարբերակն ընտրել է ընթերցողների 2%–ը, իսկ «Կարծում եմ, Աստված կօգնի, ու հայ ազգը կազատվի սատանայից» տարբերակն ընտրել է մասնակիցների 6%-ը։

Մեր հերթական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ կարծիքները բաժանվել են գրեթե հավասարաչափ, թեպետ դրական սպասումներն ավելի շատ են։ Ընթերցողները, ինչպես միշտ, թողել են նաև իրենց մեկնաբանությունները՝

«Եթե հայ ազգի արդարության համար է, Աստված կօգնի»։

«Սա Սրբազան պայքար է, և Աստծո օգնությամբ միանշանակ հաղթելու ենք»։

«Դեռ մեկ ամիս առաջ, ես հասկացա, որ Սրբազանը ժողովրդին դուրս կբերի Ազատության հրապարակ»։

«Եկեղեցու դերը պիտի լինի քրիստոնեության տարածումը, մոլորվածններիս դեպի եկեղեցի բերելը, հավատքի ուժը զորեղացնելը, իսկ քաղաքականությունը եկեղեցունը չպիտի լինի։ Աստված բոլորիս դատավոր»։

«Ես ընդունում եմ Հիսուս Քրիստոսին՝ որպես Հայաստանի գերագույն հրամանատարի, և նա մեզ կազատի՝ հաղթելով սատանային։ Ամեն»։

«Միանշանակ այո՛, թող նիկոլիստների ու Նիկոլի սրտները նախանձից ու օձությունից տրաքվի»։

«Եթե Բագրատ Սրբազանի քայլերթը իսկապես Հայաստանի փրկության համար է, կմասնակցե՞մ, շատ կասկածում եմ, իր հետևում տեսնում եմ ռուսի մեծ ականջները, մի հատ նայեք՝ ովքեր են իր կողքով քայլում»։

«Սրբազանը պիտի թույլ չտա նախկին և ներկա հողատուներին մասնակցել այս Համակարգային քայլերթին, քանի որ դրանք կփորձեն խանգարել Սրբազանին»։

«Չի ստացվի ոչ մի բան, որովհետև էս շարժումը հիմքից արդեն քանդված ա ու ապագա չունի, միայն էն փաստը, որ առաջնորդում ա հոգևորական, դա արդեն բավական ա, որ էս ամեն ինչն անհաջող ավարտ ունենա, և ընդհանրապես մենք աշխարհիկ երկիր ենք, կրոնապետություն չենք»։

Մարիաննա Արամյան