Արցախի հարցը պահել օրակարգում մինչ կլինի իշխանափոխություն  

Արցախի հարցը պահել օրակարգում մինչ կլինի իշխանափոխություն  

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի աշխատանքը համակարգող Վարդան Օսկանյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի ու Հայաստանի քաղաքական ուժերի հետ, բռնի տեղահանված արցախցիների հարցը բարձրացնում միջազգային տարբեր հարթակներում։ Նպատակը ոչ միայն Արցախի թեման օրակարգում պահելն է, այլև, ըստ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը։ 

«Միայն այդ դեպքում կհաստատվի իրական խաղաղությունը։ Մենք արձանագրել ենք, որ միջազգային հանրությունը ևս շահագրգռված է Արցախ վերադարձի հարցը պահել օրակարգում, ինչը, ցավոք, չի ընդունվել գործող իշխանության կողմից։ Այսինքն՝ Արցախի թեման փակել են, Արցախի օրակարգ չկա։ Ամեն դեպքում, միջազգային հարթակները դեմ չեն, որ դրա մասին անընդհատ խոսենք, քննարկումներ ծավալենք։ Իսկ արդյունքներ հնարավոր կլինի արձանագրել այն ժամանակ, երբ Հայաստանում կունենանք ազգային իշխանություն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը, ով արցախցի այլ պատգամավորների հետ միասին մասնակցել է Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը։ 

Նա շեշտեց՝ Հայաստանի գործող իշխանությունը միանշանակ, ակնհայտ փակել է Արցախի թեման՝ համաձայնության գալով թշնամի երկրի իշխանության հետ:

Վարդան Օսկանյանն Արցախի պատգամավորներին ներկայացրել է անցած ամիսների ընթացքում կատարած աշխատանքը։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ինչպես Արցախի խորհրդարանը, այնպես էլ «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը, շարունակաբար աշխատանք են տանելու արցախցիների վերադարձի թեման օրակարգում պահելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանում ապաստանած արցախցիների հետ պարբերաբար հանդիպումներն ապացույցն են այն ճշմարտության, որ մարդիկ ուզում են վերադառնալ, թե ո՞ր դեպքում, յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի։ Այն փաստաթղթի տեսքով կներկայացվի միջազգային կառույցներին ու կազմակերպություններին։ 

«Այդ աշխատանքի հիմքում ընկած է արցախցիների իրավունքի վերականգնումը։ Հասկանալի է, որ հիմա մեծ ակնկալիքներ չունենք, և պետք է հողի վրա պատկերացնել այդ ամեն ինչը։ Իսկ մնացածը բանակցային գործընթացում պարզ կլինի` թե ինչպիսի՞ Արցախ ենք պատկերացնում վերադառնալ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։ 

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն էլ իր հերթին աշխատում է օր առաջ վերականգնել բռնի տեղահանվածների ոտնահարված իրավունքները։ Իսկ դա լիարժեք պատկերացնելու համար Հայաստանում իշխանություն պետք է փոխվի։

Հունան Թադևոսյան