Այս պահին արցախցու հույսը անձրևն է

Այս պահին արցախցու հույսը անձրևն է

Շրջափակված Արցախից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ Սարսանգի ջրամբարը ցամաքում է՝ առաջացնելով բազում խնդիրներ։

Ոլորտի փորձագետ Վիլեն Սաֆարյանի խոսքով՝ Սարսանգի ցամաքումը էներգետիկ ճգնաժամի է հանգեցնելու Արցախում

«Էներգետիկ ոլորտում խնդիր է լինելու։ Այս շրջափակման պայմաններում, փաստորեն, ջուրն էլ չի հերիքելու, որ մենք հոսանք ստանանք»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսական խնդիրներ ջրամբարի ցամաքումը չի բերի, քանի որ այն հողերը, որոնք ոռոգվում էին Սարսանգի ջրերով, այս պահին թշնամու վերահսկողության տակ են։ 

«Էներգետիկ խնդիր արդեն իսկ ունի Արցախը։ Շրջափակումից անմիջապես հետո Բերձորում Շինուհայրից եկող գիծը ադրբեջանցիները վնասեցին, դրանից հետո էլ խնդիրներ առաջացան։ Հիմա մեր մոտ անջատումներ են, բայց ջրամբարի ցամաքելը կբերի ավելի լուրջ ճգնաժամ»,- նշեց նա։

Վիլեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ ևս երկու փոքր ջրամբարներ կան, որոնք էներգիայի աղբյուր են, բայց հիմնական գիծը Սարսանգից է։

«Հիմա հույսներս այն է, որ մայիսին անձրևը շատ կլինի, ջրամբարը կլցվի։ Եղանակին ենք ապավինում»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բանակցություններ եղել են՝ Շինուհայրից եկող գիծը վերականգնելու ուղղությամբ, սակայն, այս պահին ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվում։

Բայց և այնպես, նա նշեց, որ այդ մասով էլ հույսները չեն կորցնում։

Նարե Գնունի