3-րդ ինքնասպանությունը․ թիվ 1 տուն-ինտերնատում ճաղավանդակից պարանով կախված պապիկ են հայտնաբերել

3-րդ ինքնասպանությունը․ թիվ 1 տուն-ինտերնատում ճաղավանդակից պարանով կախված պապիկ են հայտնաբերել

MediaHub-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված հերթական տարեցն է ինքնասպանություն գործել։ Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են տուն-ինտերնատի պատշգամբում։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ 

«Մարտի 25-ին, ժամը 08.45-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է թիվ 1 տուն-ինտերնատի բուժքույրը և հայտնել, որ նույն օրը ժամը 08.35-ի նշված տուն-ինտերնատի պատշգամբում, ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել իրենց բնակիչ 1954թ. ծնված տղամարդ»,- մասնավորապես հայտնեցին նախարարության լրատվականից:

Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

«Նորմալ մարդ էր, խելոք, անսպասելի էր իր մահը մեզ համար»,-ասաց մեր աղբյուրը։ 

Ի դեպ, այս տուն-ինտերնատում արդեն 3-րդ ինքնասպանության դեպքն է գրանցվում վերջին վեց ամսվա ընթացքում։ Ավելի վաղ գրել էինք, որ ծառից կախման միջոցով ինքնասպան են եղել տուն-ինտերնատի տարեցներ Եղիշե եւ Պերճ պապիկները։

Անցած տարվա հոկտեմբերին մամուլում հայտնվեց միայն 80-ամյա Պերճ Գ.-ի ինքնասպանության մասին լուրը: Վերջինիս մոտ հայտնաբերվել էր նամակ, որում գրված էր, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ.

«Եվ որևէ մեկին չմեղադրեք։ Սա իմ մտքի թռիչքն է։ Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ»։

Լիա Սարգսյան