Նորմալ է. Ռուբեն Վարդանյանն՝ իր դեմ սկսված «հարձակումների» մասին

Նորմալ է. Ռուբեն Վարդանյանն՝ իր դեմ սկսված «հարձակումների» մասին

Վերջին օրերին Արցախի ներքաղաքական զարգացումները մտահոգվելու տեղիք են տալիս: Ակնհայտ է, որ «լուսաբացներն Արցախում» խաղաղ չեն և ոչ միայն պայմանավորված շրջափակմամբ ստեղծված բավականին բարդ իրավիճակով:

Մեկ շաբաթ առաջ MediaHub-ի աղբյուրները հայտնեցին, որ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Սա մեծ աղմուկ առաջացրեց, բայց պաշտոնից ազատում տեղի չունեցավ: Փոխարենն ակնհայտ դարձավ, որ ներքաղաքական խնդիրներն ահագնանում են և վերջին օրերին հատկապես սրվել են:

Պետնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը  կադրային փոփոխություններ սկսեց Արցախում, ինչը, բնական է, միանշանակ չընդունվեց շատերի կողմից։ Վերջին օրերին էլ առնվազն երեք նախկին պաշտոնյա նրա հասցեին սուր քննադատական հայտարարություններով հանդես եկան: Մասնավորապես, նրան մեղադրում են «պոպուլիզմով» զբաղվելու մեջ։ 

MediaHub.am-ը Ռուբեն Վարդանյանից ճշտեց, թե ի՞նչ է կատարվում Արցախի «ներքաղաքական աշխարհում»։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավաստիացրել էր, թե ներքաղաքական ճգնաժամ երկրում չկա..

-Պարոն Վարդանյան, Պետական նախարարի պաշնոնին նշանակվելուց և այս ընթացքում կատարած կադրային փոփոխություններից հետո Ձեր դեմ հայտարարություններ եղան։ Ինչպե՞ս եք վերաբերում դրանց և ինչպե՞ս եք մեկնաբանում։

-Կարծում եմ՝ հարցի հասցեատերերն իրականում այն մարդիկ են, որոնք այդ հայտարարություններն անում են։ Ես չեմ կարող ոչինչ ասել իրենց անունից։ 

-Բայց, ըստ Ձեզ, ի՞նչն է առիթ դարձել Ձեր դեմ անթաքույց դուրս գալուն։

-Նորմալ է, խնդիր չեմ տեսնում։

- Նորմա՞լ է, որ կադրային փոփոխություններին այսպես են արձագանքում մարդիկ։ 

-Իհարկե, նորմալ է, մարդկանց աշխատանքից ազատում ես, կարող են դժգոհել։ Ցանկացած բացասական արձագանք էլ օգնում է ավելի լավ աշխատել։

Այլ հարցերի պետնախարարը չպատասխանեց:

Մինչդեռ, հաշվի առնելով նախկին երեք նախարարների գրառումները, ակնհայտ է, որ խնդիրն ավելի խորքային է, քան ուղղակի պաշտոնից ազատվելուց նեղացած լինելը:

Նույն Դավիթ Բաբայանը, օրինակ, նշում է.

«Մենք պետք է հեռու մնանք բղավողներից ու պարծենկոտներից, ավելին, նման տարրերը պետք է հնարավորինս հեռու պահել պետական կառավարման համակարգից։ Այստեղ գլխավորն այն է, որ պարկեշտ մարդիկ այլևս չպետք է ամաչկոտ լինեն և չափից դուրս համեստություն ցուցաբերեն։ Մենք մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք, և հայրենասերները պետք է համախմբվեն, խարանել և չեզոքացնեն կեղծ մարգարեներին, դեմագոգներին և սրիկաներին»:

Առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանն էլ ուղիղ ասում է՝ 

«Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար։ Արցախցիները արժանապատիվ մարդիկ են, մի խաղացեք նրանց զգացմունքներով»,- գրել է Հայրիյանը:

Իսկ ահա նախկին նախարար Հայկ Խանումյանը, ում առաջինը Վարդանյանը պաշտոնից ազատեց, հայտարարում է.

«Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»:  

Հավելենք, որ մամուլն այսօր գրեց, թե «մինչ Արցախի Հանրապետությունը տևական ժամանակ շրջափակման ու խորացող ճգնաժամի մեջ է, որոշ շրջանակներ, որոնք, կառավարվում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, ներքաղաքական «բազարներ» են սկսել, ձևավորելով ընդդեմ Ռուբեն Վարդանյանի «կոալիցիա», որը նաև նախագահի իր թեկնածուն ունի:

Լիաննա Թորոսյան