Արթուր Խաչատրյանի մազերը սպիտակեցին նույն հարցը տալուց․ Գեղամ Մանուկյան
Ո՞րն է պատճառը, որ 2018 թվականից ուժի մեջ մտած օրենքի պահանջը մինչև 2023 թվականը չի կատարվել, հիմա էլ ուզում եք 24-ժամյա ռեժիմով արագ այդ փոփոխությունները կատարել։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Փոխնախարարը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ վարչապետին ենթակա մարմինների նշանակումների կարգերը պետք է համապատասխանեցվեն միմյանց։
«Եվ այս փուլում, եթե սա գնահատեք ուշացված, մեկ է՝ հրատապությունն անհրաժեշտություն է»,- նշեց փոխնախարարը։
Մանուկյանն էլ արձագանքեց․ «Արթուր Խաչատրյանը դահլիճ մտավ այս հարցի վրա, իր մազերն էլ սպիտակել են նույն հարցը կառավարությանը տալուց։ Կառավարությունն իր աշխատանքում թերանում է, ուշացնում է փոփոխությունները, գործողությունները, վերջում ԱԺ-ին կանգնեցնում է փաստի առաջ՝ 24-ժամյա ռեժիմով, «պատգամավորներ, եկեք, փոփոխություն արեք»։ Այն ինչ, Կառավարությունը դրա համար աշխատավարձ, պարգևավճարներ է ստանում, բայց 2018 թվականից 2023 թվական մի կարևոր ոլորտում փոփոխությունները թերացել է կատարել»,- նշեց Մանուկյանը։
Նշենք, որ միայն ՔՊ-ականների ձայներով նախագիծն ընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում