Պաշտոնական վարկած և բազմաթիվ հարցեր 

Պաշտոնական վարկած և բազմաթիվ հարցեր 

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել են ահաբեկչության դեպքեր, որոնք ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակացության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ:

Փետրվարի 10-ին և 20-ին կատարված գործողությունները, ըստ Քննչական կոմիտեի, կազմակերպել է դաշնակցական Գագիկ Սարգսյանը և դեռևս չբացահայտված անձինք։ Նրանք, ըստ իրավապահ մարմնի, ունեցել են հակաիշխանական հայացքներ և Հայաստանի իշխանության հետ գաղափարական թշնամանք։

Հավանաբար հասկացաք, որ խոսքը ՔՊ և Գուրգեն Արսենյանի գրասենյակների, Գագիկ Մելքոնյանի տան մոտ տեղադրված պայթուցիկ սարքերի դեպքերին է վերաբերում:

Պաշտոնական վարկածը հնչել է, սակայն հարցերը շատ են:

Օրինակ, Գագիկ Սարգսյանի պաշտպանն արդեն հայտարարել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում: Բացի այդ, մի քանի ամիս առաջ էլ իշխանությունը հայտարարեց մի ահաբեկչության փորձի բացահայտման մասին, բայց ինչպես տեսնում ենք՝ Ալբերտ Բազեյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքն ակնհայտորեն կաղում է:

Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ այս ամենի ետևում ռուսամետ ուժերն են կանգնած, իսկ իրեն թիրախավորել են այն պատճառով, որ հաճախ է հակառուսական հայտարարություններ անում: 

Կարծես, իշխանությունները հակված են քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական աստառ տալ գործին՝ չնայած այս իմաստով ակնհայտորեն փաստեր չունեն: Եթե նույնիսկ պաշտոնական վարկածը ճիշտ է, դա դեռ չի նշանակում, թե մեկ կուսակցականի արածը կարելի է վերագրել մի ամբողջ կուսակցության կամ ընդդիմությանը, առավել ևս՝ զբաղվել աշխարհաքաղաքական դավադրապաշտությամբ:

Ավելի լավ է՝ իշխանությունները մտածեն, թե ինչու են իրենց գործողությունները նպաստում հանրային տրամադրությունների արմատականացմանը:

Վահրամ Բագրատյան