Բրյուսելի ուղերձն ու դրա տողատակը 

Բրյուսելի ուղերձն ու դրա տողատակը 

Ձայների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որում դաշինքի օրենսդիր մարմինն անդրադառնում է նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը:

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։

Խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական հարցերում, այլև անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտներում։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտությանը՝ Բաքվին հասցեագրված որոշակի քննադատությամբ:

Այսօր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ 

Այլ խոսքով, կարող ենք արձանագրել, որ Երևանի և Բրյուսելի քայլերը որոշակի ներդաշնակություն ունեն:

Անշուշտ, գեղեցիկ է հնչում Եվրախորհրդարանի բանաձևը, բայց այն նման է «պրյանիկի», հատկապես, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարը խիստ մշուշոտ է, գործնականում՝ անհնար:

Ուրեմն, պետք է հասկանալ՝ ի՞նչ գնով ու ինչո՞ւ համար է Հայաստանին տրվում այդ «պրյանիկը», ի՞նչ ենք վճարելու դրա դիմաց: Արդյո՞ք Հայաստանը վերածվելու է հակառուսական ֆորպոստի ու այդ ճանապարհին մենք որոշակի բոնուս ենք ստանում կամ ԵՄ-ն պատրա՞ստ է ստանձնել որոշակի պատասխանատվություն հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ բալանսավորված խաղաղության հասնելու համար, թե՞ մենք «եվրոպական հեռանկար» ենք ստանում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում կրկին նշաձող իջեցնելու համար:

Սրանք կոնկրետ հարցեր են, որոնք դեռ պատասխաններ չունեն:

Վահրամ Բագրատյան