«Չի բացառվում, որ դիվերսիա է». Մովսեսում տղամարդիկ գիշերային հերթափոխ են իրականացնում

«Չի բացառվում, որ դիվերսիա է». Մովսեսում տղամարդիկ գիշերային հերթափոխ են իրականացնում

Մեքենաների վնասման դեպքով որևէ բան չի բացահայտվել։

Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Մովսես համայնքի վարչական ղեկավար Զավեն Պապյանը։

Նրա խոսքով՝ գյուղի տղամարդիկ գիշերային հերթապահություն են իրականացնում, որպեսզի հայտնաբերեն չարագործներին։

Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին տարածվել, որ անհայտ անձը Մովսես գյուղում ծակել է բազմաթիվ ավտոմեքենաների անվադողեր, վառել անասնակեր խոտը և փախուստի դիմել։ Բնակիչներից մեկը պատմել է, որ իր կենդանիների համար նախատեսված անասնակերն առավոտյան է վառված հայտնաբերել, հետո էլ տեսել է, որ հարևանի մեքենայի անվադողը դանակով ճղված է։ Մեկ այլ բնակիչ էլ նույն գիշերը տանը ձայն է լսել, դուրս է եկել, որ տեսնի` ինչ է կատարվում, նկատել է, որ 2 հոգի փախչում են այդ տարածքից։

«Ոչինչ դեռ բացահայտված չէ, չի էլ բացառվում, որ դիվերսիա լինի։ Հատվածը, որտեղ դեպքը տեղի է ունեցել, սահմանից 500 մետր հեռավորության վրա է»,- ասաց Պապյանը։

Նշենք, որ ՔԿ-ից հայտնում են՝ ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել։

Նարե Գնունի