Բարձրաստիճան ոստիկաններ են հրավիրվել Քննչական կոմիտե

Բարձրաստիճան ոստիկաններ են հրավիրվել Քննչական կոմիտե

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտե են հրավիրվել բարձրաստիճան ոստիկաններ՝ անցած տարվա սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով։ 

Նշենք, որ միջադեպի օրը զինվորական պանթեոնում ծառայություն էին իրականացնում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ Ոստիկանության զորքերի 10/32 գնդի հատուկ նշանակության ստորաբաժանման սեւ բերետավորները, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման կարմիր բերետավորները, Պարեկային ծառայության աշխատակիցները, Մալաթիայի բաժնի ոստիկանները։ 

Ըստ երեւույթին, քրեական վարույթն իրականացնող մարմինը, այսպես ասած, տեղից շարժվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ զոհվածների ծնողները մեծ աղմուկ բարձրացրին Քննչական կոմիտեի դիմաց՝ պահանջելով մանրամասներ ներկայացնել գործի ընթացքից։
Ինչպես հայտնում է մեր աղբյուրը՝ տխուր իրավիճակում են հայտնվել քննիչները, երբ հարց է հնչել ոստիկանության գործողությունների օրինաչափության մասին։ Հարցաքննվող սպաներից մեկն ասել է, որ այս գործը ամբողջությամբ էմոցիոնալ հիմքի վրա է, քանի որ իրենք շարժվել են օրենքով։ 

MediaHub-ը Քննչական կոմիտեից փորձեց ճշտել, թե «Եռաբլուրի» գործով վերեւում նշած ոստիկանության ստորաբաժանումների հրամանատարական կազմից ովքե՞ր են հարցաքննվել։ Գերատեսչության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ այս փուլում վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարում գործից տեղեկություններ հայտնել.

«Քննչական գործողությունները, այդ թվում նաեւ՝ հարցաքննությունները շարունակվում են, նախաքննության շահերից ելնելով՝ դրանց մասնակցող անձանց տվյալները չեն տրամադրվում»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները, ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաեւ մայրերին, ուժով բերման ենթարկեցին, որպեսզի Փաշինյանն անարգել մտնի պանթեոն։
Տեղի ունեցած միջադեպից հետո զոհվածների ծնողների բողոքի հիման վրա քրեական վարույթ է հարուցվել։

Լիա Սարգսյան