Ես ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ Արայիկ Հարությունյանի կողմնակիցը չեմ․ Արցախի գլխավոր դատախազ 

Ես ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ Արայիկ Հարությունյանի կողմնակիցը չեմ․ Արցախի գլխավոր դատախազ 

Մամուլում այսօր շրջանառվեցին լուրեր, թե Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի և այդ թեկնածուն Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է։ 

MediaHub.am-ը զրուցեց Ներսիսյանի հետ՝ պարզելու, թե որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

 - Պարոն Ներսիսյան, բնական է ծանոթ եք մամուլում շրջանառվող լուրերին։ Իսկապե՞ս հավակնում եք Արցախի նախագահի պաշտոնին։ 

-Այս պահին նախագահական ընտրություններ չկան Արցախում, որ ես ինձ որևէ պաշտոնում տեսնեմ կամ չտեսնեմ։ 

- Այդ դեպքում ի՞նչ ընդդեմ կոալիցիայի մասին է խոսքը։ 

- Որևէ մեկի հետ կոալիցիա չեմ կազմել։ Հրապարակման մեջ նշվում է Մասիս Մայիլյանի, Հայկ Խանումյանի անունները, ասեմ, որ նրանց հետ երբևէ, որևէ տեսակի անձնական շփում կամ հարաբերություն չեմ ունեցել, և պաշտոնական շփման առիթներ գրեթե չեն եղել։ 

- Եթե տեղեկությունները որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում, ապա ովքե՞ր և ի՞նչ նպատակով են հարցն օրակարգ բերել։ 

- Արցախում Սահմանադրությունը փոփոխելու և Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իրավունքն ԱԺ-ին վերապահելու գործընթացում ես դեմ էի և կտրուկ ջանքերի արդյունքում այդ փորձը կանխվել է, որը որոշ շրջանակներ շատ ծանր են տարել և բնական է, որ այդ կետից կարող էին այս բնույթի հրապարակումներ լինել։ Բայց սա ոչինչ չի նշանակում․ գլխավոր դատախազն Արցախի նվիրյալն է և անկախ անձանց կարգավիճակից՝ այս երկրի տերը մենք ենք և մենք ենք որոշում, թե որն է մեր երկրի՝ Արցախի ապագայի լավագույն տարբերակը, իսկ այն արդեն որոշված է։ 

- Հրապարակման մեջ նշվում է, որ կոալիցիան ընդդեմ Ռուբեն Վարդանյանի է, այսինքն ստացվում է, որ Արցախում «թևերի են բաժանվել»: Դուք ո՞ւմ կողմնակիցն եք Ձեզ համարում։ 

- Ես ոչ մեկի կողմնակիցը չեմ՝ ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ Արայիկ Հարությունյանի։ Ես գլխավոր դատախազ եմ և իրականացնում եմ Սահամանադրությամբ ինձ վերապահված լիազորությունները, որը կողմնապահության հնարավորություն չի ենթադրում․ անաչառությունը, օբյեկտիվությունն արդեն ենթադրում են, որ դու չես կարող ցանկության դեպքում էլ կողմնապահություն անել։ 

Լիաննա Թորոսյան