Կրքեր ԶՊՄԿ-ի շուրջ. ինչ է կատարվում Քաջարանում

Կրքեր ԶՊՄԿ-ի շուրջ. ինչ է կատարվում Քաջարանում

Այսօր առավոտյան տասնյակ քաջարանցիներ փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարահը՝ մի քանի պահանջով։ 

Բողոքի ակցիա իրականացնող քաջարանցիների մեջ էին նաեւ ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցները, ովքեր, մեր տեղեկություններով, գործազուրկ են դարձել 2021թ․-ի ընտրություններից հետո։

Հենց այս ժամանակահատվածում, իսկ ավելի կոնկրետ՝ ընտրություններից մի քանի ամիս անց տեղի ունեցավ իշխանությունների եւ Հայաստանի խոշորագույն գործատուի միջեւ ամենաառեղծվածային գործարքը։
2021 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն»-ը ձեռք էր բերել կոմբինատի 60%-ը, որից 25%-ը, որը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

«Մութ» գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձավ կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերն ու սկսեց «զտել» աշխատակիցներին։

Ինչպես Քաջարանից MediaHub-ին հայտնում են՝ ընտրություններից հետո կոմբինատից անմիջապես հեռացվել են, այսպես ասած, հականիկոլականները, ովքեր «հանդգնել» էին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 

«Ցույց անողների մեջ 2021թ․-ի ազգային ժողովի ընտրություններից հետո անհիմն աշխատանքից ազատվածներն են։ Հիշում եմ, թե ինչ էր կատարվում, մարդկանց գործից հանում էին՝ հիմնավորմամբ, թե իբրեւ ուղղորդված են եղել չընտրել ՔՊ-ին։ Այս մարդիկ ուզում են կառավարությանն ասել, որ այդ տեղեկությունը սխալ է եղել։ 40 տարվա աշխատողներին գործից հանեցին, նրանք ցանկանում են վերականգնվել իրենց աշխատատեղերում»,-ասաց մեր զրուցակիցը։

Հավաքված քաղաքացիների թվում են եղել նաեւ բանակից վերադարձած տղաները, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել․

«Նրանց դիմումները մինչ օրս անպատասխան է մնացել։ Մի մասն այս պահանջով էր այնտեղ, մյուս մասը՝ բնապահպանական հարցերով»։

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ ճանապարհ փակած քաջարանցիների մի մասը փոխհատուցում է պահանջում, իրենց ասելով՝ կոմբինատից արձակած թունավոր օդը շնչելու համար, մյուս մասը կոմբինատում աշխատելու պահանջ են ներկայացնում, այն հիմնավորմամբ, որ գործարանը իրենց պապերն են ստեղծել եւ պետք է առաջնահերթության սկզբունքով աշխատանքի տեղավորվեն հենց իրենք՝ քաջարանցիները։
Հիշեցնենք, որ հասարակության համար այդպես էլ մութ մնաց ԶՊՄԿ-ի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ կնքված գործարքի պատմությունը։ Մինչ օրս հայտնի չէ, թե ովքե՞ր են տնօրինում խոշոր հարկատուից նվիրատվություն ստացած 15 տոկոս բաժնետոմսերը։ 

Լիա Սարգսյան